Քաղաքականություն

Հայաստանը չունի նավթ, գազ, բայց ունի ջրի հսկայական պաշարներ.Արմեն Սարգսյան

Gohar Vardanyan 312 դիտում
Հայաստանը չունի նավթ, գազ, բայց ունի ջրի հսկայական պաշարներ.Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպման քննարկումներից մեկին, որը կրում էր «Նոր էներգիա Մերձավոր Արևելքի համար» խորագիրը: Քննարկման ընթացքում նախագահը խոսել է ժամանակակից աշխարհում առկա էներգիայի աղբյուրների մասին՝ այս համատեքստում կարևորելով բնական միջավայրը չվնասելու սկզբունքը: Որպես էներգիայի աղբյուր՝ խոսելով ածուխի, նավթի ու գազի մասին՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ պետք է օգտագործել միջուկային էներգետիկան: «Միջուկային էներգիան կարևոր է: Մեր անցյալը սև էր, քանի որ մենք այրում էինք ածուխը, օրգանական հանածո վառելիքները, այսօրվա մեր մոխրագույն ներկայությանը մենք փորձում ենք վերականգնվող էներգիայի միջոցով կանաչ գույն ավելացնել, որպեսզի ունենանք բացարձակ կանաչ և հիասքանչ ապագա: Հարցն այն է, թե արդյոք միջուկային էներգիան լինելու է դրա մասը, թե ոչ: Իմ անձնական կարծիքով այն պետք է լինի, քանի որ դա կարագացնի այդ գործընթացը: Ոչ ոք մաթեմատիկական հաշվարկ չի արել, թե ինչ վնասներ ենք հասցնում մոլորակին, շրջակա միջավայրին ու կլիմային վառելիք ու ածուխ այրելով: Կլիմային հասցվող վնասները հսկայական ազդեցություն են գործելու մոլորակի վրա»,- նշել է Արմեն Սարգսյանը: Նրա համոզմամբ՝ միջուկային էներգիան ունի ապագա: «Հայաստանը շատ երկրների նման ունի խիստ հավասարակշռված էներգետիկ պորտֆոլիո`սկսած ատոմային էլեկտրակայանից: Սա Խորհրդային Միության ժամանակներում կառուցված կայան է, որն այս ամբողջ տարիների ընթացքում նորմալ աշխատել է, կանգուն է մնացել երկու մեծ երկրաշարժերից հետո: Մենք Հայաստանում ևս առաջ ենք մղում վերականգնվող էներգիան: Հայաստանն արտահանում է էլեկտրականություն»,- ներկայացրել է Արմեն Սարգսյանը: Որպես էներգետիկայի աղբյուր՝ նա խոսել է ջրի մասին: «Ուզում եմ խոսել ջրի մասին՝ որպես բնական ռեսուրս: Այն շատ կարևոր է: Բոլոր երկրները, որոնք խոսում էին հարուստ բնական պաշարներ ունենալու մասին, հարուստ էին արևով, քամիով, նավթով, սակայն ոչ ջրով: Մինչդեռ ջուրը խիստ կարևոր է, քանի որ 50-100 տարի անց այն լինելու է էներգիայի աղբյուր: Այն օգտագործելու ենք ոչ միայն խմելու, այլև էներգիա ստեղծելու համար: Ես Հայաստանը համարում եմ Մերձավոր Արևելքի մի մաս: Թեպետ Հայաստանը չունի նավթ և գազ, սակայն այն ունի ջրի հսկայական ռեսուրսներ: Ցավոք սրտի, մենք հավանաբար օգտագործում ենք ջրի մեր պաշարների 10-20 տոկոսը, իսկ մնացած մասը վատնվում է: Ջուրը կարևոր է»,- ասել է Հանրապետության նախագահը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250