Հասարակություն

Մեծ հարկեր, շատ թղթաբանություն. դժգոհություններ՝ «Դայակ՝ պետության հաշվին» ծրագրից. Ժողովուրդ

Gohar Vardanyan 358 դիտում
Մեծ հարկեր, շատ թղթաբանություն. դժգոհություններ՝ «Դայակ՝ պետության հաշվին» ծրագրից. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հար­ցերի նախկին նախարար Արտեմ Ասատր­յանի մշակած «Դայակ՝ պետության հաշվին» ծրագիրը խիստ դժգոհություններ է առաջացրել աշխատող մայրերի մոտ, իսկ դժգոհության պատճառը շատ թղթաբանությունն ու մեծ հարկերն են: Ի դեպ, չնայած ծրագիրը մշակվել է նախկին նախարար Արտեմ Ասատրյանի օրոք, բայց սկսել է կիրառվել մեկ այլ նախկին նախարարի՝ Մանե Թանդիլյանի պաշտոնավարման ընթացքում: Այն շա­րունակվում է նաև հիմա, երբ նախարարը Ջարուհի Բաթոյանն է: Նշենք, որ այս ծրագրում ընդգրկված աշխատող մայրերին այլևս չի վճարվում 18 հազար դրամ նպաստը, որը նրանք ստանում էին երեխայի խնամքի արձա­կուրդի ժամանակ: Փոխարենը կառավարությունը վճարում է նրանց երեխային պահող դայակին: Այն կինը, որը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստա­նում է 18 հազար դրամ, սակայն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխա­տանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում է դայակի աշխատավարձի 50 տոկոսը: Ի դեպ, այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավար­ձը. մնացած մասը վճարում է ծնողը: Ծրա­գիրը գործում է անցած տարվա հուլիսի 7- ից: Եվ ծրագրից օգտվելիս առաջնահերթություն տրվում է այն ծնողներին, ում մի­ջին ամսական աշխատավարձը չի գերազանցում միջին աշխատավարձի չափը, որը 2017-ին կազմել է 195 հա­զար դրամ, ինչպես նաև ընտանեկան նպաստ ստացողները: Ստացվում է՝ կառավարության վճարած 55 հազար դրամից 29 հազար դրամը վերադարձվում է պետությանը, հարկումը՝ շուրջ 26 տոկոս: Կառավարությունն այսկերպ հարկային դաշտ բերեց մինչև այս ստվերում գործող դայակներին: Ասել է թե՝ պետությունը 18 հազար դրամից զրկեց ծնողին, դրան գումարեց 12 հազար դրամ և դրա արդյունքում ունեցավ հարկատու: Բայց պարզվում է՝ աշխատանքի վերա­դառնալ ցանկացող ոչ բոլոր մայրերը կա­րող են օգտվել այս ծրագրի «բարիքնե­րից»: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած Աստղիկ Գևորգյանը, ում բալիկը չորս ամսական է, ափսոսանքով նկատեց, որ չի կարող վերադառնալ աշխատանքի և օգտվել այս ծրագրից, քանի որ նրա աշխատավարձը միջինից ցածր է: Նրա հաշվարկներով՝ այս ծրագրից օգտվելու դեպքում դայակին ամսական պետք է վճարի ավելի քան 150 հազար դրամ: Այսինքն՝ իր ստացած աշխատավարձի մեծ մասը ինքը պետք է վճարի դայակին: Մեկ այլ քաղաքացու՝ Հեղինե Կիրակոսյանի խոսքերով՝ ծրագրից օգտվելու համար ինքը պետք է ստանա մաքուր 250 հազար դրամ աշխատավարձ, որպեսզի կարողանա իրեն թույլ տալ օգտվել դայակի ծառայությունից: Ստացվում է, որ ցածր աշխատավարձ ստացող մայրերի համար այս ծրագիրն արդյունավետ չէ: Ձեռնտու չէ ծրագրից օգտվել, քանի որ իրենց ստացածը բավարար չէ դայակ վարձելու համար անգամ պետության որոշակի մասնակցության դեպքում: Իսկ, ահա, ծրագրին արդեն շահառու համարվող մայրերի բարձրացրած խնդիրը կապված է թղթարարության հետ: Այն ժամանակատար է. մեկ գերատեսչությունից՝ մի տեղեկանք, աշխատանքի վայրից տեղեկանք, բան­կից քաղվածք և այսպես շարունակ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250