Պատահարներ

Մոտ 19 մլն դրամի առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում

WRed 115 դիտում
Մոտ 19 մլն դրամի առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված աուդիտի վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա:

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ աուդիտի արդյունքների՝ չնայած նշված ՊՈԱԿ-ում հավաքարարի 6 հաստիքային միավորի առկայությանը՝ 13 աշխատակից պայմանագրային հիմունքներով իրականացնում է հավաքարարի պարտականություններ, որի դիմաց հավաքարարներին մոտ 2 մլն դրամի չափով ավել գումարներ են վճարվել:

Պարզվել է նաև, որ չնայած դպրոցում ուսումնական տարին ավարտվել է 2018թ. մայիսի 26-ին, սակայն ըստ ներկայացված ճաշացանկերի և հաշվառման փաստաթղթերի՝ երեխաներին սնունդ է հատկացվել նաև մայիսի 29-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ՝ օրը երկու անգամ, այդ թվում նաև կիրակի օրերին, ինչի մասով կատարվել է սննդի հավելագրում մոտ 885 հազար ՀՀ դրամի չափով:

Մինչդեռ 2019թ. նույն ժամանակահատվածում՝ ուսումնական տարվա ավարտից հետո, մայիսի 27-ից հունիսի 30-ը ներառյալ, սննդի ծախսագրում չի իրականացվել: Սակայն սնունդ չստանալու կապակցությամբ երեխաների ծնողների կողմից բողոք կամ դժգոհություն չի եղել: Ընդհանուր առմամբ 2018-2019թթ. սննդի հավելագրումը կազմել է 1.6 մլն ՀՀ դրամ:

 

Աուդիտորական խումբը ՊՈԱԿ-ի տնօրենի փոփոխությամբ պայմանավորված՝ իրականացվել է 2018թ. և 2019թ. կամայական օրերի սննդի ծախսագրման համադրություն, ինչ արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրենի պաշտոնավարման ընթացքում բոլոր օրերի համար ծախսագրվել է կրկնակի ավել սնունդ: «ՈՒսումնական հաստատություններում սովորողների համար նախատեսված մեկ չափաբաժնի օրինակելի ծավալի» վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. հրամանի խախտման արդյունքում հավելագրված սննդի արժեքը կազմում է 15.337.038 ՀՀ դրամ:

Այսպիսով, ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով ՊՈԱԿ-ի հաստիքացուցակով սահմանված առավելագույնը 6 հավաքարար ունենալու պահանջը, 2018-2019թթ. պայմանագրային հիմունքներով աշխատանքի են ընդունել ևս 7 հավաքարարի: Ինչպես նաև՝ 2018-2019թթ. կազմել են իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր՝ ճաշացանկեր, երեխաների հաշվառման փաստաթղթեր, և խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. հրամանով սահմանված «ՈՒսումնական հաստատություններում սովորողների համար նախատեսված մեկ չափաբաժնի օրինակելի ծավալը»՝ իրականացրել են առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների առերևույթ հափշտակություններ:

 

Բացի այդ, աուդիտի և ուսոմնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ՊՈԱԿ-ին հատկացված հողամասը՝ համաձայն անշարժ գույքի գրանցման վկայականի՝ կազմել է 13172 քմ, շենքը՝ 4111 քմ: Մինչդեռ Երևանի քաղաքապետի 30.12.2011թ. թիվ 7305-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ի հողամասի սահմանների ճշգրտման արդյունքում նոր հատակագծում, առանց հիմքի, դուրս է մնացել 350.846.400 ՀՀ դրամ շուկայական արժեքով 3692 քմ հողատարածք, որի նկատմամբ 2012-2017թթ. ընթացքում 4 անգամ իրականացվել է իրավունքների պետական գրանցում:

Նկատի ունենալով, որ դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս ուսումնասիրության շրջանակներում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, ինչպես նաև՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:

 

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից