Պատահարներ

ԵԿՄ–ին են փոխանցվել Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված մեքենաներն ու սնունդը. պաշտպան Արսեն Մկրտչյան

WRed 1 րոպե 809 դիտում
ԵԿՄ–ին են փոխանցվել Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված մեքենաներն ու սնունդը. պաշտպան Արսեն Մկրտչյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցի տարածքից հայտնաբերված գույքը, այդ թվում` մեքենաներն ու սնունդը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի  որոշմամբ հանձնվել են ԵԿՄ-ի տնօրինմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ խոսքը գնում է այնպիսի ավտոմեքենաների մասին, որոնք գրանցված են երրորդ անձանց անունով։ Նրա խոսքով` այդ գույքը ԵԿՄ–ին է հանձնվել տնօրինման, ոչ թե սեփականության իրավունքով, սակայն այդ գույքի տերերը կարող են հետագայում դատարան դիմել։ Պաշտպանը կարծում է, որ դատարանի վրա ԵԿՄ–ն որոշակի ազդեցություն է գործել։
Մկրտչյանը հիշեցրեց` Ակնալճում գործում էին տարբեր ՍՊԸ–ներ, առևտրա–կազմակերպական ձև ունեցող ընկերություններ։

Անդրադառնալով Գրիգորյանի առողջական վիճակին` պաշտպանը նշեց, որ նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, ավելին, նրա մոտ նոր հիվանդություններ են ի հայտ եկել` նոր դրսևորումներով։

«Գրիգորյանն այժմ գտնվում է տանը: Նրա կյանքին դեռ վտանգ է սպառնում։ Մենք քանիցս միջնորդություն ենք ներկայացրել դատարան` Գրիգորյանի բուժումը դրսում կազմակերպելու համար։ Սակայն, հավանաբար, դատարանը նման հանձնարարություն չունի, որ նա պետք է ողջ արդարացվի»,–ասաց պաշտպանը։

Հիշեցնենք` դեռ 2018–ի հոկտեմբերին Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը ՀՀ-ին նվիրաբերելու համար։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ.–ի հունվարի 15-ին որոշեց նրա խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից