Հասարակություն

Հայաստանի տարածքում թուրքական, նաև ադրբեջանական ռադիոալիքներ են հայտնվել. «Ժողովուրդ»

Gohar Vardanyan 1,352 դիտում
Հայաստանի տարածքում թուրքական, նաև ադրբեջանական ռադիոալիքներ են հայտնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի տարածքում, նաեւ՝ Երեւանում, ռադիոյի հաճախականություններում հայտնվել են թուրքական ալիքներ: Ավելին, մի շարք մարզերում, թուրքականից բացի, հասանելի են դարձել նաեւ ադրբեջանական ալիքներ: Մասնագետն ասում է՝ անհանգստանալ պետք չէ: Ի դեպ, թուրքական եւ ադրբեջանական ռադիոալիքների՝ Հայաստանի տարածքում հայտնվելու մասին քաղաքացիները սկսեցին բարձրաձայնել 44-օրյա պատերազմից հետո: ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց, որ դրանք մինչ 44-օրյա պատերազմն էլ եղել են: Նա խորհուրդ տվեց շրջանցել ոչ ցանկալի ռադիոկապուղիները:
 

«Սահմանից այն կողմ լսելի են նաեւ ռադիոհաղորդումներ հայերեն լեզվով, ինչն ուղղակիորեն կապված է ռադիոալիքների տարածման հետ: Դա ռադիոալիքների տարածման առանձնահատկությունն է, որը ո՛չ սահման է ճանաչում, ո՛չ էլ պետություն: Մենք ուղղակի դրա դեմ չենք կարող պայքարել: Շատ ժամանակ ասում են, թե ինչ-որ խլացուցիչներ դնենք, բայց Հայաստանն ինքը հանդիսանում է եվրոպական հեռարձակվողների միության անդամ, ունի պարտավորություն, որ քաղաքացիական տիրույթում գործող ռադիոցանցերի համար չի կարելի ուղղակի խանգարումներ ստեղծել»,- պարզաբանեց մասնագետը: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը մասնագետի հետ զրույցում բարձրաձայնեց եւս մեկ խնդրի մասին. դա հիմնականում վերաբերում է օտարերկրյա ժամանողներին, որոնք ունեն այլ պետությունների բջջային հեռախոսահամարներ, անմիջապես ֆիքսում են թուրքական ռադիոցանցեր հենց անմիջապես վայրէջքի ժամանակ օդանավակայանում. քաղաքացու հեռախոսում տեղորոշման ծրագիրը ցույց է տալիս, որ ինքը Թուրքիայում է:

Այս հարցին ի պատասխան՝ Ս. Հարությունյանն ասաց. «Սա նշանակում է, որ իրենց ցանցերն ուղղակի ունեն պայմանագրեր նույն թուրքական ցանցերի հետ, որը բաժանորդին կարող է առաջարկել ավելի լավ պայմաններ»:


Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250