Հասարակություն

Ֆրանսիան խորհուրդ չի տալիս 30 տարեկանից ցածր անձնանց պատվաստել «Մոդեռնայով»

Unknown 1 րոպե 424 դիտում
Ֆրանսիան խորհուրդ չի տալիս 30 տարեկանից ցածր անձնանց պատվաստել «Մոդեռնայով»

Ֆրանսիայի Առողջապահության բարձրագույն մարմինը (HAS) հետ է կանչել 30 տարեկանից ցածր մարդկանց համար Moderna-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառման առաջարկությունը։ Այս որոշումը թելադրված է վերջին հետազոտության արդյունքներով, որոնք ցույց են տվել, որ Moderna պատվաստանյութը զգալիորեն մեծացնում է սրտային հիվանդությունների՝ միոկարդիտի և պերիկարդիտի առաջացման վտանգը, գրում է kommersant.ru-ն։ Այս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինչպես Moderna, այնպես էլ Pfizer/BioNTech պատվաստանյութերի ներարկումները կարող են հանգեցնել սրտի հիվանդության: Սակայն Pfizer պատվաստանյութի դեպքում սրտի բորբոքային պրոցեսների առաջացման հավանականությունը հինգ անգամ ցածր է։ Չնայած այն հանգամանքին, որ նման դեպքերը մնում են եզակի (մեկ միլիոնից 26,7 դեպք՝ Pfizer-ի դեպքում, 131,6 դեպք՝ Moderna-ի դեպքում), Ֆրանսիայի իշխանությունները որոշել են սահմանափակել Moderna պատվաստանյութի կիրառումը 12-29 տարեկան անձանց համար. հենց նրանց մոտ է պատվաստումից հետո առաջին շաբաթվա ընթացքում ամենից հաճախ սրտի հիվանդության նշաններ ի հայտ գալիս: Ելնելով դրանից՝ HAS-ը խորհուրդ է տվել օգտագործել Pfizer/BioNTech պատվաստանյութը 30 տարեկանից ցածր բնակչության պատվաստման և վերապատվաստման համար: Իսկ Moderna-ի պատվաստանյութը, որն առավել արդյունավետ է համարվում կորոնավիրուսի դեմ պայքարում, 30 տարեկանից բարձր բնակչության պատվաստման և վերապատվաստման համար։ Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ Moderna պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով Moderna-ի կիրառման ուղեցույցում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ երեխաները կարող են պատվաստվել ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250