«Տեղեկացել եմ ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին»․ ՀՀ ՄԻՊ
Շարունակվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի աշխատանքային այցն Արցախ։ Facebook-ի պաշտոնական էջում ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ հանդիպել է Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ։ Դատախազը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։
«Այնուհետև այցելել եմ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին և տեղեկացել ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին. պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում»,- նշված է ՄԻՊ գրառման մեջ։
[c9f2cfce81d38de2d84e2bc755760c60.jpg]
Քրիստինե Գրիգորյանն իր արցախցի գործընկեր Գեղամ Ստեփանյանի հետ այցելել է տեղահանվածների ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին։
[69a7eabb92fb186f85377c73ff71cd86.jpg]