Հասարակություն

Ուզում ենք, որ Հայաստանի բոլոր սահմանները՝ առանց բացառության, հանձնվեն սահմանապահներին. Նիկոլ Փաշինյան

Gohar Vardanyan 1 րոպե 1,110 դիտում
Ուզում ենք, որ Հայաստանի բոլոր սահմանները՝ առանց բացառության, հանձնվեն սահմանապահներին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի գործող իշխանությունն ուզում է, որ Հայաստանի բոլոր սահմանները հանձնվեն սահմանապահներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

 

«Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները՝ առանց բացառության, հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը, և բանակի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Եվ հենց զինված ուժերի տրամաբանության մեջ հենց այս նկատի ունենք՝ խաղաղության օրակարգ ասելով, հենց այս նկատի ունենք, երբ արձանագրում ենք, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ»,– ասել է նա։
 

Փաշինյանը միաժամանակ ընդգծել է, որ գիտակցում են, թե ինչ բարդությունների հետ է այդ ամենը կապված։
 

«Ցավոք, մեր երկրի առաջ կանգնած անվտանգային մարտահրավերները ոչ միայն լուծված չեն, այլև դրանք շարունակում են մնալ մտահոգիչ: Մենք բոլորս, առաջին հերթին` երկրի քաղաքական ղեկավարությունը, պիտի աշխատենք, որպեսզի ապահովենք խաղաղություն և կայունություն մեր երկրի սահմանների երկայնքով»,–նշել է վարչապետը։
 

Փաշինյանի խոսքով` սահմանապահ զորքերն ընդհանրապես խաղաղության խորհրդանիշ են, որովհետև այն սահմաններում, որոնց պահպանությունը հանձնված է նրանց, սովորաբար համարվում են խաղաղ սահմաններ:
 

Նա հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հանձնել է պետական պարգևներ: Հետմահու Արիության մեդալով է պարգևատրվել կապիտան Հրանտ Արզումանյանը, Մարտական ծառայության մեդալով՝ սերժանտ Կարեն Սարգսյանը: Պարգևները հանձնվել են հարազատներին:
 

Փաշինյանը Մարտական ծառայության մեդալներ է հանձնել փոխգնդապետ Վահան Համբարձումյանին և կապիտան Վլադիմիր Թումասյանին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից