Փոփոխություններ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում
Ազգային ժողովը քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կառավարության կողմից առաջարկված նախագիծը:
Տեխնիկական բնույթի, բայց եւ միեւնույն ժամանակ իր կարեւորությամբ չզիջող որոշակի փոփոխություններ էր առաջարկել Կառավարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Հարցը քննարկվել էր ՀՀ ԱԺ հունվարի 21-ի հերթական նիստում:
Գործող օրենքով կարգավորող պետական մարմինը հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս օպերատորներին՝ հեռարձակումն անհապաղ դադարեցնելու համար: Կառավարությունն առաջարկել է կարգավորող պետական մարմնին վերապահել նոր գործառույթ՝ վերը նշվածի մասին հայտնել նաեւ այդ ծրագիրը հեռարձակող ցանցային օպերատորին:
Մխիթար Հայրապետյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում է հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտին կցել նաեւ տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր եւ պարտավորություններ չունենալու մասին: Վերանայվել են հեղինակազորման եւ լիցենզիայի գործողության կասեցման ու դադարեցման պայմանները:
Առաջարկվող կարգավորումների արդյունքում գործնականում կբացառվեն տարընկալումները, եւ կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը: