Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է․ փաստաբան
Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է Ադրբեջանում: Այս մասին X-ի էջում գրել է նրա միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։
«Մեկ շաբաթ հացադուլից հետո Ռուբեն Վարդանյանը առողջական լուրջ վտանգի առաջ է կանգնել. նա կորցրել է 6 կգ, ճնշումը հասել է վտանգավոր 140/110 մակարդակի, իսկ զարկերակը զգալիորեն գերազանցում է նորման: Չնայած դրան՝ նրան բռնի ուժով տեղափոխել են դատարան, որտեղ մերժել են նիստը հետաձգելու բոլոր միջնորդությունները՝ թույլ տալով նրան մասնակցել միայն նստած»,-գրել է նա։
Գենսերը հայտարարել է, որ իր պաշտպանյալին այդ վիճակում դատավարությանը մասնակցելուն հարկադրելը դաժան և անմարդկային վերաբերմունք է:
Նա կոչ է արել միջազգային կազմակերպություններին անհապաղ պահանջել թույլատրել այցելել Վարդանյանին բանտում, թույլ տալ միջազգային բժշկին զննել Վարդանյանին, հետաձգել դատաքննությունը հացադուլի ընթացքում: Ինչպես նաև կոչ է արել համաշխարհային առաջնորդներին դատապարտել քաղաքականապես մոտիվացված այս գործընթացը:
