Թեքահարթակների տեսակները սխալ ենք ընտրել․ Ավինյան
Երևանում թեքահարթակների կառուցման աշխատանքներն ավարտված են: 12 վարչական շրջանի 286 հասցեում կառուցվել է 551 թեքահարթակ: Այս մասին այսօր զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
«Ընդհանուր առմամբ շատ կարևոր և մեծ աշխատանք է արվել»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ապա այս համատեքստում մի քանի դիտողություններ է արել ծրագրի վերաբերյալ:
«Պետք է լինի համակարգային, այսինքն՝ չի կարող ուղղակի հատվածական՝ 1-2 տեղ, թեքահարթակ լինել, ամբողջական լուծումներ են եղել:
Բարձրաձայնեմ նաև այն խնդիրները, որոնք նկատել եմ. տեղ-տեղ մենք թեքահարթակների տեսակները սխալ ենք ընտրել այն առումով, որ ընտրել ենք մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակ, երբ պետք է եղել երեք կողմից մոտեցումներով»,- ասել է նա։
Նա հավելել է, որ երևի թե այս առումով պետք է ուշադրությունը մեր սևեռած պահենք խնդրի վրա:
«Մեր քաղաքի՝ ավելի ներառական և ավելի հասանելի դարձնելը հանրային վայրերին, մեր առաջնահերթությունների շարքում է շարունակում մնալ, այսինքն՝ միշտ աշխատանքն անելիս ինքնուրույն անվասայլակով կամ մանկասայլակով պատկերացնում ենք՝ ոնց ենք անցնելու: Եթե չի ստացվում անցնել, այդ ձևով չենք անում աշխատանքը, փոխում ենք»,- ասել է քաղաքապետը։