Հասարակություն

Գերիների ազատում, արցախցիների վերադարձ և զորքերի դուրսբերում․ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է օրինագիծ

Rita M. 81 դիտում
Գերիների ազատում, արցախցիների վերադարձ և զորքերի դուրսբերում․ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից։


Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը։ Այդ քայլերի թվում են՝


բոլոր հայ գերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատումը,


ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,


Արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը,


հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության ապահովումը։


Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է՝ օրինագիծը «դադարեցնում է Ադրբեջանի շարունակական ագրեսիան խրախուսող քաղաքականությունը և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնավորում է խաղաղության կոնկրետ չափորոշիչներով ու պատասխանատվությամբ»։


Օրինագիծը նաև նախատեսում է ԱՄՆ անվտանգության աջակցության համապարփակ վերանայում Հայաստանի համար՝ ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները, եթե Ադրբեջանը չկատարի նշված պայմանները։


«ARMENIA Security Partnership Act»-ի համահեղինակների թվում են նաև կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Դեյվիդ Վալադաոն, Քրիս Սմիթը, Գեյբ Ամոն և այլք։ Սպասվում է օրինագծի նկատմամբ լայն երկկուսակցական աջակցություն առաջիկա շաբաթներին։


Օրինագիծը ներկայացվում է այն պայմաններում, երբ փորձ է արվում վերականգնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ չնայած Արցախի ամբողջական հայաթափմանը, հայ գերիների պահմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիային, միջազգային իրավունքի շարունակական խախտումներին և այլնին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250