Քաղաքականություն

Դեկտեմբերից մինչ օրս Արմեն Գևորգյանը աշխատավարձ չի ստացել. Պաշտպան

Gohar Vardanyan 377 դիտում
Դեկտեմբերից մինչ օրս Արմեն Գևորգյանը աշխատավարձ չի ստացել. Պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ այսօր՝ ապրիլի 3-ին, շարունակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա արգելանք դնելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը,- գրում է News am-ը։ Արմեն Գևորգյանն ասյօրվա դատական նիստին չէր մասնակցում։ Նշենք, որ դեռևս 2018թ. օգոստոսի 21-ին քննիչի կողմից որոշում է կայացվել Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա արգելանք դնելու մասին, ինչը պաշտպանական կողմը բողոքարկել է վերադաս դատախազին, որը սակայն մերժել է բողոքը՝ համարելով, որ քննիչի որոշումը հիմնավոր է։ Քննիչի որոշմամբ արգելանք է դրվել Արմեն Գևորգյանին պատկանող շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև՝ բանկային հաշիվների և աշխատավարձի վրա։ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ իր պաշտպանյալի գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ նրան մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու հիմքով։ Ըստ պաշտպանի՝ նման մեղադրանքի դեպքում, որպես պատիժ չի սահմանվում գույքի վրա կալանք դնելը։ Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ կալանք է դրվել Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա, ինչը խախտել է վերջինիս սեփականության իրավունքը․ Պաշտպանն ասաց, որ քննիչի որոշման հետևանքով Արմեն Գևորգյանը զրկված է աշխատավարձ ստանալու և իր ու ընտանիքի կարիքները հոգալու հնարավորությունից։ «Արմեն Գևորգյանը փորձել է աշխատավարձ ստանալ, պարզվել է աշխատավարձի վրա արգելք է դրված եղել, դեկտեմբեր ամսվանից մինչ օրս Արմեն Գևորգյանը աշխատավարձ չի ստանում»,–հայտարարեց մյուս պաշտպանը։ Այսպիսով, պաշտպանը խնդրում է դատարանին՝ պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների և ազատությունների խախտումը։ Մեղադրող դատախազի խոսքով, սակայն ներկայացված բողոքը հիմնազուրկ է և ենթակա է մերժման։ Այսպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստին բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի նաև գործով քննիչը։ Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Գեւորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից