Պատահարներ

Ռուս զինծառայողի կողմից գյումրեցի կնոջ սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

WRed 226 դիտում
Ռուս զինծառայողի կողմից գյումրեցի կնոջ սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով հերթական դատական նիստը կրկին չի կայացել: Սա արդեն նիստի երրորդ հետաձգումն է:

 

Դատական առաջին նիստը, որը նշանակված էր 2019 թ․ սեպտեմբերի 6-ին, չէր կայացել, մեղադրող կողմի՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի արձակուրդում լինելու պատճառով: Դատարանը, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, նիստը հետաձգել և նշանակել էր 2019-ի հոկտեմբերի 25-ին: Այդ օրը, սակայն, կրկին դատական նիստ տեղի չունեցավ՝ կրկին մեղադրող կողմի հետ կապված բացակայության պատճառով:

 

Այսօր նշանակված դատական նիստն էլ հետաձգվեց՝ Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի վատառողջ լինելու պատճառով:

 

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտարկման, պետությունն՝ ի դեմս պետական մեղադրող կողմի, հավանաբար չի կարողանում ապահովել ռուսական ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալ զինծառայողի ներկայությունը դատարանում:  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը հանդիսանում եմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ:

 

Նշենք, որ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը հանցագործության իրականացման պահին եղել է Գյումրու փողոցներից մեկում, եւ ոչ թե ռազմաբազայի տարածքում: Ռազգիլդեևը մեղադրվում է ոչ թե ռազմաբազայի զինվորականի, այլ ՀՀ քաղաքացու՝ գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ, սակայն պահվում է ոչ թե ՀՀ համապատասխան տարածքում, այլ ռուսական ռազմաբազայում:

 

Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանը սպանվել էր 2018 թվականի դեկտեմբերի 2-ի լուսաբացին՝ աշխատանքի գնալու ժամանակ: Կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնում որպես հավաքարար, եւ վաղ լուսաբացին մաքրում էր փողոցները:

 

Անդրեյ Ռազգիլդեևը ձերբակալվել էր դեպքից 9 օր անց՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250