Ռազմական

Ջալալ Հարությունյանը խոստացել է. երբ կլինի հանձնաժողովի նիստը. «Ժողովուրդ»

Gohar Vardanyan 115 դիտում
Ջալալ Հարությունյանը խոստացել է. երբ կլինի հանձնաժողովի նիստը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը սպասում է Արցախի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պատասխանին, որպեսզի կարողանա հանձնաժողովի նիստ հրավիրել, լսել նախկին պաշտոնյային: Ասել է թե՝ Ջալալ Հարությունյանը խոստացել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ներկայանալ քննիչ հանձնաժողով, բայց օրն ու ժամը պետք է իրեն հարմարեցնի։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը սպասում է Ջալալ Հարությունյանի պատասխանին: 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է հրավիրվելու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը: Առաջիկայում այս շարքը շարունակվելու է, եւ նոր հրավիրվողներ էլ կլինեն: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, եւ պետք է արագացնել աշխատանքները:

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որ նաեւ հանդիսանում է «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը, առաջարկում է եւս մեկ անգամ երկարաձգել այդ հանձնաժողովի գործունեությունը: Համապատասխան նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ, կքննարկվի այսօր մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում: Մասնավորապես, նա առաջարկում է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով:

 

Որպես հիմնավորում՝ նշվում է. «Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը տարբեր գերատեսչություններից պահանջել եւ ստացել է բազմաքանակ փաստաթղթեր, որոնք մանրամասն ուսումնասիրելուց հետո անցել է հրավիրյալներին լսելու փուլին», այսինքն՝ վեց ամիս է մնացել հանձնաժողովի վերջնական արդյունքների համար:

 

Հիշեցնենք, որ միայն ՔՊ-ականներից կազմված այդ հանձնաժողովի իրական նպատակը պատերազմի հնարավոր հանգամանքները Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրելն է:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250