Հասարակություն

ՀՀ–ում էլեկտրոնային «բրասլետները» չեն բավականացնում. 140 մլն դրամի լրացուցիչ սարքեր կգնեն

Edita
ՀՀ–ում էլեկտրոնային «բրասլետները» չեն բավականացնում. 140 մլն դրամի լրացուցիչ սարքեր կգնեն

Հայաստանում 776 մեղադրյալ Պրոբացիայի ծառայության կողմից վերահսկվում է էլեկտրոնային հսկողության սարքերի միջոցով։ 2023թ–ից այսքան քաղաքացու նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք կամ վարչական հսկողություն։ Վիճակագրությունը ներկայացրել է ՀՀ կառավարությունը` միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ պետության գնած «բրասլետները» մոտ ապագայում կարող են չբավականացնել։


Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2023 թվականին ձեռք է բերվել էլեկտրոնային հսկողության 661 սարք, որոնք ամբողջությամբ կիրառվել են` 445-ը` տնային կալանքի, 216-ը` վարչական հսկողության համար:


2024 թվականին ձեռք է բերվել 184 սարք, 63–ը` տնային կալանքի, 121–ը` վարչական հսկողության համար։ Դրանցից 115-ն արդեն զբաղված են, քանի որ հունվարի 1-ից մինչ օրս դատարաններն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու 115 դատական ակտ են կայացրել (82-ը` տնային կալանքի, 33-ը` վարչական հսկողության մասով)։


Կառավարությունը մտավախություն ունի, որ մնացած 69 սարքերը կբավարարեն առավելագույնը երեք ամիս, ուստի շտապում է հնարավորինս արագ նոր սարքեր գնել` հաշվի առնելով այլընտրանքային խափանման միջոց կիրառելու` դատական ակտերի օրեցօր աճող դինամիկան։


Գործադրի այսօրվա նիստում ընդունված որոշմամբ` կառավարության պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը հատկացվեց 140.1 մլն դրամ` լրացուցիչ 221 էլեկտրոնային հսկողության սարք գնելու համար (127–ը` տնային կալանքի, 94–ը` վարչական հսկողության)։


Նշենք, որ կառավարության կայքում հրապարակված տեղեկանքում էլեկտրոնային հսկողության սարքերի լայնորեն կիրառումը մեկնաբանվում է դատարանների կողմից այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքերի ավելացմամբ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250