Հասարակություն Կարևոր

ՀՀ–ից հեռացած արցախցիներից քանի՞սն են վերադարձել. մանրամասներ

Edita 1 րոպե 706 դիտում
ՀՀ–ից հեռացած արցախցիներից քանի՞սն են վերադարձել. մանրամասներ

2023 թվականի բռնի տեղահանումից հետո Հայաստան եկած ու երկրից հեռացած արցախցիների գրեթե կեսը վերադարձել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։


«Իհարկե, շարժեր եղել են։ Մոտ 15 000 ելք է եղել, բայց շուրջ 7-8 հազար էլ մուտք է եղել։ Այսինքն` ոմանք, օրինակ, ձմեռն են անցկացրել արտերկրում` ընտանիքիներով։ Որոշ մարդիկ կարճ ճամփորդություն են ունեցել։ Ըստ էության, ամիսներով բացակայածների թիվը երևի կարելի է գնահատել շուրջ 7-8 հազարի կարգի։ Այսինքն` կարող ենք ասել, որ կեսը վերադարձել է։ Սահմանահատումների տվյալներով` մոտ 7-8 հազարն են գտնվում դրսում»,– ասաց փոխնախարարը։


Խաչատրյանը համոզված է, որ մյուսները ևս առաջիկայում կվերադառնան, քանի որ կառավարության հաստատած` արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու դառնալու համար պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիություն ստանալը, ինչի համար հարկավոր է վերադառնալ ՀՀ և դիմել պատկան մարմիններին, արդեն ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելուց հետո` այդ բնակարանում 10 տարի շարունակ ապրելը։


«Իհարկե, բացակայելու հնարավորություններ կան` տարբեր պատճառներով, բայց ասել ենք, որ եթե ընտանիքի չափահաս երկու անդամներ տարվա ընթացքում 6 ամսից ավել միաժամանակ երկրից բացակայել են, դա սեփականության իրավունքի գրանցման համար խոչընդոտ է հանդիսանալու։ Հետևաբար կարծում ենք, որ գնացածների մի մասը ևս վերադառնալու է գոնե այս ծրագրի նպատակով»,– ասաց Խաչատրյանը։


Հիշեցնենք` փորձագիտական գնահատականներով` 2023թ–ի աշնանը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շուրջ 15 տոկոսը (15 000 մարդ) տեղահանությունից հետո հեռացել է Հայաստանից։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըմայիսի 7-ի ասուլիսում հայտարարեց, որ այդքան մարդ չի հեռացել Հայաստանից։ Նա վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում, և հավելեց` ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ արցախցիները ՀՀ–ից գնում և գալիս են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250