Հանրության մի հատվածի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի և արցախցու միջև տեղի ունեցած վեճին
Այսօր Մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցավ վիճաբանություն, երբ վարչապետը ցանկացել էր կնորջ երեխային նվիրել Հայաստանի Հանրապետության քարտեզը: Ժամեր անց՝ թիմակիցների հետ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ միջադեպին ու ասաց.
«Ղարաբաղցի մեր հարգելի տիկնոջը, իմ քրոջը, ես ինչ ասեցի, ասեցի Ձեր երեխան պետք է ՀՀ-ում ապրի, ասում է չէ։ Ասում եմ մի մտցրեք երեխու մեջ պանդուխտի տրամաբանություն, մի պանդխտացրեք երեխուն։ «Ասում եմ, սիրելի ղարաբաղցիներ, դուք տնվոր չեք, դուք տեր եք, սա ձեր երկիրն է, սա մեր եկիրն է, և մեր ամբողջ քաղաքականությունը դրա մասին է, որ դուք Հայաստանի Հանրապետության տերն եք, մեր մյուս քաղաքացիների հետ միասին»,-ասել է նա։
Սակայն այս դեպքն արցախցիների, հայաստանցիների, հասարակության մի հատվածի, քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում հայտնվեց: Նրանք վրդովված սկսեցին գրառումներ անել սոցիալական ցանցերում ու բազմաթիվ օգտատերեր աջակցություն են հայտնել արցախցի կնոջը՝ քննադատելով վարչապետի խոսքը: Համացանցում արված գրառումներից մի քանիսը ներկայացնենք Ձեր ուշադրությանը:
-
Հայկա Ալոյան ֆեյսբուքյան օգտատերը գրառել է.
«Իմ անունից, իմ ընտանիքի անդամների անունից ու հայոց պետականության անունից ես ոչ ոքի չեմ լիազորել խոսել ու ատելության զոհ դարձնել ցեղասպանությունից մազապուրծ եղած իմ արցախցիներին։ Ոչ էլ ԱՌԱՎԵԼ ԵՒՍ քվե եմ տվել։ ՀՀ քաղաքացի։ Հարգանքի արժանի հայ կինը»:
-
Արցախցի Նարե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Արյունը երբեք չի կարող ջուր դառնալ…
Արժանի հոր արժանի դուստրը. դավաճանին իր տեղը ցույց տված երիտասարդ ու համարձակ հայուհին հերոս Մերուժան Մոսիյանի դուստրն է»:
-
Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը։ Մնացած 10 տոկոսն էլ է համաձայն նրա հետ, պարզապես զգուշանում է քաղաքական ռեպրեսիաներից։
Միջադեպի մասին ասելու շատ խոսքեր ունեմ, բայց սրանով կբավարարվեմ»։
-
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում արեց. «Այսօրվա միջադեպը «քույրեր և եղբայրներ» հռետորաբանության լիակատար մերկացումն էր․ մի կողմից ստեղծվում է հոգատարության շղարշ, իսկ մյուս կողմից՝ համակարգված կերպով թիրախավորվում և պիտակավորվում են տեղահանված մարդիկ՝ նրանց կարծիքը, նրանց զգացումները, ցավն ու արժանապատվությունը։
Հ․Գ․ 1. Հայաստանում ապրող հարյուր հազարավոր մարդկանց համար տեղահանված արցախցիներն իսկապես քույրեր ու եղբայրներ են, և նրանք դա ոչ թե ամեն օր սահմաված օրակարգով մի քանի անգամ կրկնում են, այլ իրենց վերաբերմունքով են ցույց տալիս։
Հ․Գ․ 2. Այդ քարտեզը բոլորիս քարտեզն է։ Պետք չէ այն վերածել մանիպուլյացիայի գործիքի։ Բայց մարդկանց սրտերում և ձգտումներում կա մեկ այլ քարտեզ՝ ոչ թե պատրանք, այլ բնական և արդար ձգտում՝ վերադառնալու այնտեղ, այն հայրենիք, որտեղ ծնվել են, ապրել ու արարել»:
-
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս արձագանքում է այս միջադեպքին:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն է հայտարարություն տարածել՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ զգայունության ապահովման անհրաժեշտության առնչությամբ.
«Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պաշաճ զգայունության երաշխավորմամբ` հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները:
Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման:
Վերը շարադրվածը նկատի ունենալով` Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ: Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի հանրային դիսկուրսը չառաջացնի կամ չխորացնի նրանց խոցելիությունը, այլ նպաստի համերաշխության, ներառականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը:
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր լիազորությունները՝ ուղղված յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանը»։
-
Լրատվամիջոցները ապա հարցադրում արեցին վարչապետն. «Օրենք չի խախտել արդյոք՝ մետրոյից ուղիղ եթեր մտնելով»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր թիմակիցների հետ շրջել է Երեւանում։ Նա ուղիղ եթերում «Հանրապետության հրապարակ» կայարանից գնացել է «Գարեգին Նժդեհ» կայարան։ Ամբողջ ընթացքը տեսանկարահանվել է Կառավարության կողմից։ Մինչդեռ Երեւանի մետրոպոլիտենը համարվում է ռազմավարական կառույց եւ այնտեղ նկարահանումները խստիվ արգելվում են։
NEWS.am–ին այս առնչությամբ ընկերությունից սակայն վստահեցրին, որ Նիկոլ Փաշինյանին կարելի է։
«Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի 100% բաժնետերը հանդիսանում է ՀՀ կառավարությունը, և կառավարության ղեկավարն իրավունք ունի նկարահանումներ անել»,- ասաց ընկերության մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։