Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 340 ցուցարար
Շաբաթ գիշեր թուրք ոստիկանները ձերբակալել են ընդդիմությանը աջակցող բողոքի ցույցերի 343 մասնակիցների, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի ՆԳՆ տվյալները։
Ստամբուլում, Անկարայում և այլ քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել։ Մասնակիցները աջակցություն են հայտնել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Թուրքիայում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին ոստիկանության կողմից՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Ըստ ցուցարարների՝ քաղաքական գործչի վերաբերյալ այս և այլ հետաքննությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։
Դատախազությունը, արդարացնելով կալանավորումը, նշել է, որ Իմամօղլուի և մի քանի գործարարների հետ կապված ապօրինի ֆինանսավորման դեպքեր են հայտնաբերել։
Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։ Նա համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը։