The New York Times-ը Հայաստանը ներառել է զբոսաշրջային ուղղությունների ամենամյա ցանկում
Հեղինակավոր The New York Times պարբերականը հրապարակել է 2026 թվականի համար աշխարհի առավել գրավիչ և առաջարկվող 52 զբոսաշրջային ուղղությունների իր ամենամյա ցանկը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է պատվավոր 20-րդ հորիզոնականը:
Հայաստանը ներկայացվել է «Գայլեր, գինի և հազարամյա վանքեր» խորագրի ներքո՝ ընդգծելով Հայաստանի վայրի բնության, հնագույն մշակույթի և արդիականացող զբոսաշրջային ենթակառուցվածքների ներդաշնակ համադրությունը։
Հոդվածում նշվում է, որ չնայած Հայաստանը տասնամյակներ շարունակ եղել է արշավականների և բնության սիրահարների սիրելի վայրը, վերջին շրջանում զբոսաշրջային հոսքերը հասել են աննախադեպ ցուցանիշների։ 2025 թվականի առաջին ութ ամիսները ռեկորդային են եղել երկրի համար, իսկ օգոստոսին գրանցվել է զբոսաշրջիկների այցելությունների պատմական առավելագույն ցուցանիշը։ Այս աճի ֆոնին 2026 թվականը խոստանում է լինել էլ ավելի նշանակալի, հատկապես գինու սիրահարների համար։ Գալիք տարվա մայիսին մայրաքաղաք Երևանը հյուրընկալելու է աշխարհի ամենահեղինակավոր գինու մրցույթներից մեկը՝ «Concours Mondial de Bruxelles»-ը, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում Հայաստանը որպես գինեգործության հնագույն օրրան ճանաչելու համար։