Այլ

Եթե դուք դուրս գաք փողոցներ, մենք կդիմանանք. Եթե գնաք կոտրելու, պատասխան կտաք. Լուկաշենկո

WRed 325 դիտում
Եթե դուք դուրս գաք փողոցներ, մենք կդիմանանք. Եթե գնաք կոտրելու, պատասխան կտաք. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ներկա իրավիճակում հավասարակշռված որոշումներ կայացնել՝ չհենվելով միայն համացանցում որոշ աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա: Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է Մինսկի անվային քարշակների գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, գրում է «Բելտա»-ն։

Լուկաշենկոն, մասնավորապես, հիշատակել է բազմաթիվ կեղծ պնդումներն «իբր իրեն պատկանող անշարժ գույքի, դրամական միջոցների մասին»։

«Դրա համար ես ասում եմ՝ եթե գտնեք՝ վերցրե՛ք»,-նշել է նա։

«Այսօր պետք է մտածել ոչ թե iPhone-ներով, այլ ուղեղով։ Մտածե՛ք։ Դուք բոլորին փոխանցեք, որ ոչ ոք որևէ մեկին չի համոզի։ Եկել է այն պահը, որ եթե անցնեք սահմանը, Աստված ձեզ հետ։ Եթե դուք դուրս գաք փողոցներ, մենք կդիմանանք։ Եթե գնաք կոտրելու, պատասխան կտաք։ Ահա ձեզ տղամարդկային զրույց»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Նա նաև վստահություն է հայտնել, որ այժմ պետք է հանգիստ, հավասարակշռված որոշումներ կայացնել՝ ուղղված իրադրության կայունացմանը:

Ինչպես  ավելի վաղ հաղորդել էինք, այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղղաթիռով այցելել է Մինսկի անվային քարշակների գործարան և հանդիպել գործադուլավորների հետ։

Լուկաշենկոն Մինսկի անվային քարշակների գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրում նոր ընտրություններ չեն անցկացվի:

«Երբևէ չսպասեք, թե ճնշման տակ ինչ-որ բան կարող եմ անել։ Նրանք չեն գա իշխանության գլուխ։ Քանի որ չի լինի ո՛չ Մինսկի անվային քարշակների գործարանը, ո՛չ Մինսկի ավտոմոբիլային գործարանը, և ո՛չ էլ Բելառուսի ավտոմոբիլային գործարանը․ կես տարվա ընթացքում կոչնչացվի ամեն ինչ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։

«Դուք խոսում եք անարդար ընտրությունների մասին և ցանկանում եք անցկացնել արդար ընտրություննե՞ր», - հարցրել է նախագահը: «Ես պատասխանում եմ այս հարցին. մենք ընտրություններ անցկացրել ենք: Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»,- հավելել է նա:

Նա կոչ է արել իշխանական լիազորությունների վերաբաշխում իրականացնել սահմանադրական գործընթացի միջոցով, այլ ոչ թե փողոցային ակցիաների միջոցով։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Մինսկի անվային քարշակների գործարանի աշխատակիցները մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ ընդգծելով, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, գործադուլը կվերածվի անժամկետ գործադուլի։

Բելառուսում նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ Սվետլանա Տիխանովսկայան ձայների ընդամենը 10,12 տոկոսն է հավաքել։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250