Քաղաքականություն

Պուտինը բացատրել է, թե ինչու չի պատվաստվել տեսախցիկի առաջ

Lilit A. 241 դիտում
Պուտինը բացատրել է, թե ինչու չի պատվաստվել տեսախցիկի առաջ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի համաձայնել, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստումը բաց արարողություն լինի ԶԼՄ-ների համար, ինչպես այլ երկրների առաջնորդների դեպքում, քանի որ չի ցանկացել «կապիկություն անել»:

«Մենք, ինչ է, պետք է կապիկություն անե՞նք, անպայման պետք է այնպես անենք, ինչպես ուրիշնե՞րը»,- ՌԴ ղեկավարն ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

«Երևի թե ոչ, չէ՞ որ եթե ինչ-որ մեկն ուզենա ինչ-որ բան կեղծել այդ մակարդակով՝ հիմարեցնել ինչ-որ մեկին, դա բարդ չի լինի անել: Կարելի է ցույց տալ այդ ներարկումը, իսկ իրականում ֆիզլուծույթ ներարկել, կամ ինչ պատահի՝ կեֆիր կամ ինչ-որ նարնջի հյութ: Կատակում եմ, իհարկե, դե ասենք պարզապես վիտամիններ: Բայց դա լուրջ չէ, իմ կարծիքով»,- հավելել է Պուտինը:

Վերջինս պատմել է, որ պատվաստումից առաջ չափել են իր մարմնի ջերմությունը, ինչպես բոլորի դեպքում են անում: Նախագահն ընդգծել է պատվաստման կարևորությունը քաղաքացիների համար, եթե նրանք ցանկանում են իրենց վստահ զգալ, չհիվանդանալ և հիվանդության ծանր հետևանքներ չունենալ:

Հիշեցնենք, որ ՌԴ ղեկավարը պատվաստվել է օրեր առաջ: Վերջինս հրաժարվել էր նշել, թե որ պատվաստանյութն է օգտագործելու՝ նշելով, որ ռուսական 3 դեղամիջոցներն էլ արդյունավետ են և անվտանգ:

Պուտինը հայտնել է, որ դեղամիջոցի անվանումը, որն իրեն ներարկվել է, գիտի միայն իր բժիշկը, որն էլ կատարել է պատվաստումը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250