Թրամփի հայտարարությունները բլեֆ են, պատերազմի «ճահճից» դուրս գալու փորձ. Իրանի դեսպան
Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունները բլեֆ են և ավելի շատ նման են պատերազմի «ճահճից» դուրս գալու փորձի: Այս մասին ArmeniaSputnik–ին տված հարցազրույցում նշել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։
Նրա գնահատմամբ՝ ռազմական գործողությունները չեն զարգացել ամերիկյան ծրագրով, և այժմ Վաշինգտոնը փորձում է արագորեն դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ պահպանելով իր հեղինակությունը ներքին լսարանի առջև։
Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ը նաև ձգտում է կայունացնել գլոբալ էներգետիկ շուկաները և միաժամանակ ներքին պառակտում առաջացնել Իրանում։ «Իրանի ժողովուրդը կշարունակի պաշտպանել իր երկիրը, մինչև ագրեսորը չզղջա իր գործողությունների համար։ Թրամփն այժմ այն դիրքում չէ, որ կարողանա պայմաններ թելադրել»,– ասել է Խալիլ Շիրղոլամին։
Նա հավելել է, որ Իրանի որոշ հարևաններ՝ Թուրքիան, Եգիպտոսը և Պակիստանը, պատրաստակամություն են հայտնել միջնորդել բանակցություններում։ Թեհրանը բարձր է գնահատում այդ նախաձեռնությունները, սակայն դեռևս վաղ է գնահատել, թե որքանով դրանք կվերածվեն իրական գործընթացի։