Պատահարներ

Երևանի թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենը կկալանավորվի

Unknown
Երևանի թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենը կկալանավորվի

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ բավարարվել են «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ.Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքները:

«Ինչպես արդեն տեղեկացվել է, «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց»-ում պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու, տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում 08.09.2021 թ. դպրոցի տնօրեն Մ.Հ.-ն ձերբակալվել էր: 

Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա սույն քրեական գործի շրջանակներում վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար և վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: 

Դատարանի 10.09.2021 թ. որոշմամբ, սակայն, միջնորդությունը մերժվել էր: Նրա ու ևս մեկ անձի՝ Հ.Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 

Նախաքննության շարունակման արդյունքում 2021 թ. սեպտեմբերի 13-ին դպրոցի տնօրենի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ), 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և հաջորդ օրը քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: 

Սույն միջնորդությունը դատարանի որոշմամբ նույնպես մերժվել էր: 

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից նշված դատական ակտերի դեմ տարվել են վերաքննիչ բողոքներ: Դրանց քննության արդյունքում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ դատախազության միջնորդությունները բավարարվել են, և որոշում է կայացվել մեղադրյալ Մ.Հ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: 

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշումը կուղարկվի ոստիկանություն՝ դրանից բխող անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար»,- նշված է դատախազության որոշման մեջ:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250