Քաղաքականություն

Հուսով ենք, որ այս ժեստը պատշաճ կերպով կգնահատվի Երևանում. հայտարարություն՝ Թուրքիայից

Unknown 4,467 դիտում
Հուսով ենք, որ այս ժեստը պատշաճ կերպով կգնահատվի Երևանում. հայտարարություն՝ Թուրքիայից

Թուրքիան ոչ մի հարեւան երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել և չի ներկայացնում։ Այս մասին Անկարայում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Անկարան հարգում է բոլոր պետությունների, այդ թվում՝ Սիրիայի և Իրաքի սահմաններն ու ինքնիշխանությունը», - ասել է թուրք նախարարը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել «եղբայրական Ադրբեջանի դիրքորոշմանը»։

«Մեր նպատակը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունն է։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին: Հուսով ենք, որ այս ժեստը պատշաճ կերպով կգնահատվի Երևանում։ Սա հարց է, որը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին կամ Հայաստանին, այլ ողջ տարածաշրջանին։ Հարավային Կովկասը պետք է վերածվի կայունության կղզու»,- ասել է  Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Նա հիշեցրել է, որ հունվարի 30-ից Ադրբեջանում գործում է թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը։ «Մենք հարցին դրական կերպով ենք մոտենում։ Հրադադարի խախտման դեպքերը նվազում են: Կայունության էլ ավելի մեծ մակարդակի հույս ունենք: Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ քայլերը նպաստում են խաղաղությանը և երկարաժամկետ հրադադարին»,- ասել է նախարարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից