Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարություն է արել
Dikgazete.com կայքում հրապարակվել է հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ իբր ՀՀ Կառավարությունը մտադիր է վերանայել և հետ վերցնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին տրամադրված պարգևները։ Նշված պնդումը ամբողջությամբ կեղծ է և որևէ առնչություն չունի իրականության հետ։ Այս մասին գրառում է արել ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Միաժամանակ, ուշագրավ է, որ տվյալ ապատեղեկատվությունը կառուցված է հստակ թիրախավորման տրամաբանությամբ՝ ուղղված հանրության կոնկրետ խմբերին։ Պատերազմի մասնակիցների սոցիալական և բարոյական կարգավիճակը հանրության համար բարձր զգայունություն ունեցող թեմա է, և նման բովանդակության ընտրությունը միտված է պետական ինստիտուտների և իշխանությունների քաղաքականության նկատմամբ անվստահության ձևավորմանը։
Տեղեկատվության տարածման շղթան վկայում է դրա համակարգված և կազմակերպված բնույթի մասին․ այն սկզբնապես հրապարակվել է անհայտ հարթակում, ապա արագ վերարտադրվել թուրքական և ադրբեջանական մի քանի լրատվամիջոցների կողմից, ակտիվորեն տարածվել X հարթակում՝ կասկածելի և փոխկապակցված օգտահաշիվների միջոցով, ինչպես նաև շրջանառվել ռուսական ծագման տելեգրամյան ալիքներով։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այս ապատեղեկատվությունը լայնորեն տիրաժավորվել է հայաստանյան տեղեկատվական դաշտում՝ ընդդիմադիր որոշ շրջանակների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված տեղեկատվական սպառնալիքները առանձին դեպքերում համընկնում և լրացուցիչ ուժեղացվում են երկրի ներսում գործող որոշ քաղաքական դերակատարների միջոցով։
Վերոնշյալը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) հստակ հատկանիշներ, ուստի զերծ մնացեք չստուգված տեղեկությունների տարածումից և մի նպաստեք ապատեղեկատվության վերարտադրմանը»,- հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

