143 միլիոն եվրոյի ԵՄ աջակցություն՝ Հայաստանի զարգացման նպատակով
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
Համաձայնագրով նախատեսվում է 143 միլիոն եվրոյի ընդհանուր ծավալով ԵՄ աջակցություն, որը կուղղվի Հայաստանի զարգացմանը 2026-2028 թվականներին։
Ֆինանսական փաթեթը ներառում է երկու բաղադրիչ՝ 90 միլիոն եվրո ուղիղ բյուջետային աջակցություն և 53 միլիոն եվրո տեխնիկական օժանդակություն՝ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման նպատակով։ Միջոցները տրամադրվելու են միայն դրամաշնորհի ձևով, իսկ աջակցության հիմնական ուղղություններն են հանրային ֆինանսների կառավարումը, արտահանման դիվերսիֆիկացիան, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, իրավունքի գերակայությունը, ինչպես նաև զբաղվածության և սոցիալական ներառման ոլորտները։
Յուրաքանչյուր տարվա ֆինանսավորման մասնաբաժնի ստացումը ուղիղ կապվելու է նախանշված 34 թիրախային միջոցառումների որակյալ և ժամանակին կատարման հետ։