Պատահարներ

Գազամատակարարման ընդհատումների պատճառով Արցախում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել

Mariam Z. 147 դիտում
Գազամատակարարման ընդհատումների պատճառով Արցախում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել

Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

 

Մասնավորապես սրտի իշեմիկ հիվանդությունը՝ 58%, գլխուղեղի կաթվածը՝ 36%, ծննդաբերական բարդությունները՝ 11.6% և մի շարք այլ հիվանդություններ:

 

Ցուցանիշները նախարարությունը պայմանավորում է 78 օր շարունակ արգելափակված լինելու, ինչպես նաև վերջին շրջանում ադրբեջանական հանցավոր գործողություններից բխող անորոշությունների ու սպառնալիքների հարուցած շարունակական սթրեսով։

 

«Չափահասների և հատկապես երեխաների շրջանում արձանագրվում է նյարդային ու հոգեբանական խնդիրների աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը դրսևորվել է նյարդաբանի ու հոգեբանի մոտ երեխաների այցերի 46%, իսկ չափահասների դեպքում՝ 47% աճով»,–նշում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25%-ով աճել են աղիքային անանցելիության պատճառով վիրահատական միջամտությունների դեպքերը, որը կարող է պայմանավորված լինել սննդում բջջանքի սղությամբ:

 

Իսկ գազամատակարարման պարբերական լրիվ ընդհատումներով ու թերի վերականգնմամբ պայմանավորված՝ արձանագրվել է շմոլ գազից թունավորման 30 դեպք:

 

Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

 

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: 

 

Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

 

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից