Նոր օրենք. Գերմանիայում փոխվել են արտերկիր մեկնելու կանոնները
Գերմանիայում ուժի մեջ է մտել օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ 17-ից 45 տարեկան տղամարդիկ պարտավոր են հատուկ թույլտվություն ստանալ, եթե նախատեսում են երկրից դուրս մնալ երեք ամսից ավելի։ Այս մասին հաղորդում են գերմանական Berliner Zeitung և Frankfurter Rundschau պարբերականները։
Փոփոխությունը ներառված է ռազմական ծառայության արդիականացման մասին օրենքում և կիրառվում է արդեն այս տարվա հունվարից։ Նշվում է, որ թույլտվությունը պետք է տրամադրի Բունդեսվերի կարիերայի կենտրոնը։ Պահանջը վերաբերում է բոլորին՝ անկախ նպատակներից, այդ թվում՝ ուսանողներին, որոնք մեկնում են փոխանակման ծրագրերով, ինչպես նաև գործուղումների մեկնող աշխատակիցներին։
Ավելի վաղ նման սահմանափակումներ կարող էին կիրառվել միայն ռազմական սպառնալիքի պայմաններում, սակայն այժմ դրանք սահմանվել են մշտական հիմունքներով։ Միևնույն ժամանակ, օրենքում նշվում է, որ իշխանությունները չեն կարող մերժել երկրից դուրս գալու թույլտվությունը։
Բունդեսվերում չեն հստակեցրել, թե ինչ հետևանքներ կարող են լինել այն դեպքում, եթե անձը լքի երկիրը առանց համապատասխան թույլտվության։