Մի շարք օտարերկրյա ալիքներ հեռացվել են YouTube-ից
YouTube հարթակը հեռացրել է Բելառուսի պետական մի շարք լրատվամիջոցների ալիքներ։ Այս մասին հայտնել է երկրի տեղեկատվության նախարարությունը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է «Բելտա» գործակալության, ինչպես նաև ОНТ, СТВ, հեռուստաալիքների պաշտոնական էջերին։
Նախարարության փոխանցմամբ՝ հեռացումը իրականացվել է ամերիկյան Google ընկերությանը պատկանող հարթակի կողմից, սակայն պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվել։ Միաժամանակ ընդգծվել է, որ «Բելտա» լրատվական գործակալությունը չի գտնվում միջազգային պատժամիջոցների ցանկում։
Գերատեսչությունը նաև զգուշացրել է օգտատերերին հնարավոր կեղծ էջերի մասին՝ նշելով, որ նույնանուն ալիքների հայտնվելու դեպքում դրանք կարող են լինել պատճեններ և չպետք է վստահել նման աղբյուրներին։
Իր հերթին «Բելտա»-ն հայտարարել է, որ ալիքների հեռացումը կարող է կապված լինել պատժամիջոցների հետ, սակայն Google-ը պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել։