Իրանական «Բուշեր» ատոմակայանից տարհանված ռուս մասնագետները կմեկնեն Երևանից․ Լիխաչով
Իրանական «Բուշեր» ատոմակայանից տարհանված 198 ռուս մասնագետի հետագա մեկնումը նախատեսված է Երևանի օդանավակայանից։ Այդ մասին Եկատերինբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Ավելի վաղ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանի տարածքը հայտնվել է ԱՄՆ–ի և Իսրայելի գնդակոծության տակ, աշխատակիցներից մեկը զոհվել է։
Լիխաչովի խոսքով՝ ռուս մասնագետներով ավտոբուսները «Բուշեր» կայանից դեպի իրանա-հայկական սահման շարժվել են ԱԷԿ-ին ամերիկա-իսրայելական հարվածից մոտ 20 րոպե անց։ Նախատեսվում է, որ 2,5-3 օրվա ընթացքում նրանք անվտանգ կանցնեն գրեթե ամբողջ Իրանը։
Նա նաև նշել է, որ իրանական կողմը մեծ աշխատանք է կատարում ռուսաստանցի մասնագետների տարհանման երթուղու անվտանգությունն ապահովելու համար։ Բացի այդ, Իսրայելի և ԱՄՆ-ի համապատասխան ծառայությունները տեղեկացված են «Բուշեր» ատոմակայանից ռուս մասնագետների տարհանման մասին։