Հասարակություն

18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնամարտ են կազմակերպել. Ալեն Սիմոնյանը հորդորել է արագ արձագանքել

Ofelya

Լարված իրավիճակ է տեղի ունեցել Սպիտակ քաղաքի մոտակայքում։ «Դինգո թիմի» անդամները արձանագրել են շնամարտ և տեղում մոտեցած կազմակերպիչներին տեղեկացրել, որ նման գործողությունները անօրինական են և արգելված են մեր երկրում։


Ահազանգելով 102 ոստիկանության հեռախոսահամարին՝ թիմի անդամները, մինչև ոստիկանների ժամանումը, մոտեցել են շնամարտի կազմակերպման վայր։ Ուղիղ եթերում նրանք արձանագրել են, թե ինչպես են շներին տեղավորում մեքենաների բեռնախցիկներում, ինչպես նաև ցույց տվել կենդանիներից մեկի մարմնի վրա տեսանելի վնասվածքները։ Սկզբում մի անձ քաղաքակիրթ ձևով մոտեցել է նրանց և հարցրել, թե ինչ են անում տարածքում, սակայն ավելի ուշ մեկ այլ անձ փորձել է հեռացնել նրանց տարածքից՝ նույնիսկ փորձելով հարվածել։


«Գնացեք ստեղից, սա հրավիրատոմսով է, դուք հրավիրված չեք»,- ասում է տղամարդը։


Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կից գրելով.


«Խնդրում եմ ՀՀ ոստիկանությանը արձագանքել»,- գրել է Սիմոնյանը:


Նշենք, որ ԱԺ նախագահի հրապարակած տեսանյութի տակ մեկնաբանություն է գրել ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը.


«Պարոն Սիմոնյան, միջադեպին անմիջապես արձագանքել են ՆԳՆ համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները: Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: Բացի այդ, ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց որոնց մեջ եղել են 8 շներ»,- արձագանքել է Սարգսյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից