Քաղաքականություն

Դուրս ենք եկել «Սամվելի մոտ Քյաբաբնոց» ունենալու տրամաբանությունից. Թորոսյան

Mariam Z.
Դուրս ենք եկել «Սամվելի մոտ Քյաբաբնոց» ունենալու տրամաբանությունից. Թորոսյան

Հարիր չի մեր նման ժողովրդավարական և խորհրդարանական երկրին ունենալ նման կարգավորում, որ ինչ-որ մեկի անունը կարող է լինել որևէ ուժի կամ դաշինքի անվանման մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:


Նշենք, որ այսօր ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը։ Փոփոխությամբ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների, դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։


Դիտարկմանը, որ իշխանությունը վախենում է «Սամվել Կարապետյան» անուն–ազգանունից, և այդ պատճառով է նման փոփոխության գնացել, Թորոսյանն ասաց.


«Կարծում եմ, որ մենք վաղուց դուրս ենք եկել մոտավորապես «Սամվելի մոտ Քյաբաբնոց» ունենալու տրամաբանությունից, կլինի դա քաղաքական ուժ, թե այլ բան։ Հարիր չի մեր նման ժողովրդավարական և խորհրդարանական երկրին ունենալ նման կարգավորում, որ ինչ-որ մեկի անունը կարող է լինել որևէ ուժի կամ դաշինքի անվանման մեջ, ինչպես, այնպես, ինչպես համայնքներում է դա կարգավորվում և այդ բացթողումը մենք պարզապես լրացնում ենք։ Իսկ ինչ վերաբերում է վախենալ-չվախենալուն, ես կարծում եմ, շատ ակնհայտ է մեր ժողովրդի համար, ով և ինչ ինչից է վախենում, որ նույնիսկ տարրական բանավոր խոսք անգամ չեն կարողանում հղել մեր ժողովրդին, թաքնվելով ինչ-որ արհեստական բանականությունների, ինչ-որ տարբեր տեղերից ուղարկված տեքստերի, թաքնվելով ինչ-որ տարբեր տեղերից ուղարկված ակնհայտորեն ի սկզբանե ոչ հայերեն գրված տեքստերի հետևում, որ երբ որ նույն արհեստական բանականությանը հարցնում ես՝ այս տեքստը հայերեն է գրվել ի սկզբանե, թե օրինակ ռուսերեն, ասում է՝ ակնհայտորեն ռուսերեն է գրվել, որովհետև հայերենում այդպիսի դարձվածքներ չկան։


Կարծում եմ, որ մեր գործընկերները բացարձակ վախեցողի տպավորություն չենք թողնում, և այն ուժերը, որ իրենց հորջորջում են ուժեղ, իրականում աշխարհի ամենաթույլիկ ուժեր են»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից