Դաշինքների անվանումներում մարդկանց անունների կիրառումը կարգելվի․ օրենքն ընդունվեց
Կուսակցությունների, դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը կարգելվի։ Ազգային ժողովի արտահերթ նիստում 67 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Հավելենք՝ Ազգային ժողովի՝ ապրիլի 7-ի արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նախագծեր, որոնք խորհրդարանը քննարկեց հրատապության կարգով՝ 24-ժամյա ռեժիմով:
Վերոնշյալ 4 նախագծերը վերաբերում են քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը՝ կուսակցությունների անվանումներին, ջերմատների և ավազանների շինթույլտվության համար տեղական տուրքերի փոփոխությանը, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում որոշ խնդիրների լուծմանը, ինչպես նաև տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ նախատեսվող առաջարկին:
««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ ձևավորվող կուսակցությունները և դաշինքները, չեն կարող իրենց անվանումներում ունենալ անձնանուններ:
««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է նվազեցնել ջերմատնային տնտեսություն կառուցելիս շինթույլտվություն ստանալու համար նախատեսված տուրքի չափը մի քանի անգամ՝ այդ կերպ նպաստելով համայնքներում ներդրումների ավելացմամնը:
««Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով» առաջարկվում է առաջին հերթին ավելացնել մի շարք խմբեր ընդհանուր խմբերի ցանկում: Օրինակ, առաջարկվում է էլեկտրոնային հարթակով իրականացնող ուղևորափոխադրման ծառայության փոխադրողներին, վարորդներին մյուս տարվա հունվարի 1-ից թույլ տալ, որպեսզի կարողանան մասնակից լինել այս համակարգին:
««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեռարձակողները արհեստական բանականությամբ գեներացված կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր կերպով օրենքի իմպերատիվ պարտադրանքով մակնշեն, կամ, ինչպես ասվում է, արվի համապատասխան լեյբլինգը, որում տվյալ բովանդակության վրա հստակ տեսանելի կլինի, որ այդ նյութն արհեստական բանականության գործիքակազմով է գեներացված: