Երկու վետո. ՄԱԿ-ի բանաձևը տապալվեց
Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո են դրել Բահրեյնի առաջարկած բանաձևի վրա, որը վերաբերում էր Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Քվեարկության ընթացքում խորհրդի 15 անդամներից 11-ը աջակցել են նախաձեռնությանը։ Երկու երկրներ՝ Պակիստանն ու Կոլումբիան, ձեռնպահ են մնացել, մինչդեռ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը կանխել է փաստաթղթի ընդունումը։
Ըստ աղբյուրի՝ նախնական տարբերակում Բահրեյնը առաջարկել էր թույլատրել «բոլոր անհրաժեշտ միջոցների» կիրառումը, այդ թվում՝ ռազմական գործողությունների հնարավորությամբ, նեղուցում նավերի անցումը ապահովելու համար։ Սակայն քննարկումների արդյունքում ձևակերպումը փոփոխվել էր։
Վերջնական տարբերակում առաջարկվում էր երկրներին «համակարգել պաշտպանական ջանքերը»՝ ապահովելու անվտանգ նավարկությունը Հորմուզի նեղուցում՝ առանց ռազմական գործողությունների ուղղակի թույլտվության ձևակերպման։