Հասարակություն

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ՝ սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը․ Արցախի ԱԳՆ

WRed
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից  Տավուշի ուղղությամբ՝ սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը․ Արցախի ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը՝ լարվածության հետագա նպատակաուղղված սրմամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

Ծանր զինտեխնիկայի կիրառմամբ ադրբեջանական բանակի հարձակումը հայկական դիրքերի ուղղությամբ և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի արկակոծումն անմիջական սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը։ Վերստին նշում ենք, որ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական վերնախավի աղավաղված պատկերացումները՝ միջազգային իրավունքի նկատմամբ ռազմական ուժի գերակայության մասին, Հարավային Կովկասում մշտական սպառնալիքների սկզբնաղբյուրն են և տարածաշրջանում ապակայունացման լուրջ գործոն։

 Վճռականորեն մերժում ենք ցանկացած փորձ՝ խրախուսելու Բաքվի քամահրական վերաբերմունքն իր միջազգային պարտավորությունների նկատմամբ։  Այս առումով անթույլատրելի ենք համարում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքներին և հրադադարի ռեժիմի խախտումներին։ Վերստին ընդգծում ենք, որ Թուրքիայի այսօրինակ դիրքորոշումն իմաստազրկում է նրա անդամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին։


Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժեք գնահատական տալ ինչպես Ադրբեջանի գործողություններին՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին իրադրության ապակայունացմանը, այնպես էլ Անկարայի կողմից այդ քայլերի խրախուսմանը։ 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից