Հասարակություն

Երևանում կբարեկարգվի 65 բակ, կկառուցեն խաղադաշտեր, կնորոգվի 590 շենքերի մուտքեր. քաղաքապետարան

WRed
Երևանում կբարեկարգվի 65 բակ, կկառուցեն խաղադաշտեր, կնորոգվի 590 շենքերի մուտքեր. քաղաքապետարան

Երեւանում քանդվող շինություններն ապօրինի կառույցներ չեն. Քանաքեռ - Զեյթունի բնակիչների սեփական ավտոտնակներն են, որոնց տեղում ամիսներ հետո բարեկարգ բակ կլինի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը:

«Բնակիչների հետ համաձայնության գալով` 9 ավտոտնակ է քանդվում, տեղում կկառուցենք խաղահրապարակ, կլինի կանաչ գոտի»,-նշում է Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Վարչական շրջանների այս տարվա ծրագրերով կբարեկարգվի ավելի քան 65 բակ: Կկառուցվեն ֆուտբոլի փոքր խաղադաշտեր:

«Այս տարի Էրեբունիում կառուցվում է փոքր ֆուտբոլի 2 խաղադաշտ, նաեւ՝ երկու այգի, բակային տարածք», - ասում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը:

Բարեկարգ բակից՝ նորոգված մուտք: Վարչական շրջանների ծրագրերով վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի մուտքերը: Նորոգման ընթացքում հին, կոտրված ապակիներով պատուհանները փոխարինվում են նորերով: 2020 թվականի վարչական շրջանների ծրագրով կնորոգվի 590 մուտք:

Վարչական շրջաններում այս օրերին նաեւ ասֆալտապատում է արվում: Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները բակում ընթացող աշխատանքներին անձամբ են հսկում:

«Այս տարվա մեկնարկած ծրագրերից ամենամեծը բակային ասֆալտապատման ծրագիրն է՝ շուրջ 35400 քմ, ինչը 2018 թվականի համեմատ մոտ 5 անգամ ավելի է»,- ասում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:

Նորքում բակային ասֆալտապատումն արդեն ավարտել է: Հիմա երեխաները հանգիստ խաղում, մեծերն էլ անցուդարձ են անում:

Նորք-Մարաշ բարձրացող այլընտրանքային 2-րդ ճանապարհի նեղության պատճառով վթարները հաճախակի էին: Այժմ ճանապարհ ավելի քան 1 մետր լայնացվում է:

«Սերո Խանզադյան փողոցը կարեւոր նշանակություն ունի մեր բնակիչների համար: Լայնացնելուց հետո տարածքը կասֆալտապատվի»,- նշում է Նորք -Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոն Ղազարյանը:

Արաբկիրում մայթերի կառուցմանն ու նորոգմանը զուգահեռ այս տարի հետիոտների համար կարեւոր մի ծրագիր է մեկնարկել: Ավտոկայանատեղի դարձած 4 փողոցների մայթերը կսահմանազատվեն եւ կծառայեն միայն հետիոտնին:

Համայնքային ծրագրերին զուգահեռ մասնավոր հատվածն իր հերթին եւս քաղաքի բարեկարգման անմիջական մասնակիցն է:

Ամեն օր Երեւանն արթնանում ու ապրում է քաղաքի 12 վարչական շրջաններում բնակվող ավելի քան 1 միլիոն ձայներով: Այդ ձայները լռեցնում է քաղաքի շինարարական աղմուկը. ասֆալտապատում, մայթերի կառուցում, վերանորոգում, որոնք վաղվա Երեւանը կդարձնեն բարեկարգ ու հարմարավետ:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից