Հասարակություն

ՀՀ-ում սննդի ոլորտում աշխատող օտարերկրացիները նախնական բուժզննում են անցնում. ԱԱՏՄ

Julya
ՀՀ-ում սննդի ոլորտում աշխատող օտարերկրացիները նախնական բուժզննում են անցնում. ԱԱՏՄ

Հայաստանում սննդի սպասարկման ոլորտում աշխատանքի անցնելու համար բոլոր քաղաքացիները, այդ թվում օտարերկրյացիները, աշխատանքի ընդունվելիս ենթարկվում են նախնական բժշկական զննության։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։


Ընդգծվում է, որ պարտադիր բժշկական զննությունը կատարվում է ՀՀ կառավարության կողմից 2003թ. մարտի 27-ին ընդունված` առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության կարգի համաձայն։


«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ։ Վերահսկողությունն իրականացվում է ստուգումների և վարչական վարույթների շրջանակներում»,– հայտնում է տեսչական մարմինը։


Միաժամանակ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ հանրային սննդի օբյեկտներում (այդ թվում խոհանոցներում) ստուգումներ անցկացնելու իրավասություն չունի: Նշված ոլորտում վերահսկողությունն իրականացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ):


Ինչ վերաբերում է ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությանը, տեսչական մարմնից հայտնում են, որ անձի առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության կարգի 10-րդ կետում նշված հիվանդությունների ախտորոշման կամ մանրէակրության հայտնաբերման դեպքում արգելվում է աշխատել ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում նշված կազմակերպություններում և մասնագիտություններով:


Օրինակ`չի թույլատրվում աշխատել մանրէակրության և մակաբուծակրության հայտնաբերման ու մի շարք հիվանդությունների ախտորոշման դեպքում (որովայնային տիֆ, պարատիֆեր, սալմոնելոզ, դիզենտերիա, հեմինելեպիդոզ, էնտերոբիոզ, սիֆիլիս, սուսանակի բոլոր ձևերը, բոր, վարակիչ մաշկային հիվանդություններ և այլն)։


«Նման դեպքերում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենն անմիջապես էլեկտրոնային ձևաչափով, հեռախոսով կամ ֆաքստվ հաղորդում է, այնուհետև, 24 ժամվա ընթացքում, գրավոր տեղեկատվություն է ներկայացնում բնակության վայրի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանում»,–հայտնում է տեսչական մարմինը։


Այն անձանց, որոնք չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնը,ղեկավարի որոշմամբ, զրկվում է աշխատելու հնարավորությունից մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը։ Եթե բժշկական զննության արդյունքում ախտորոշվել է նշված հիվանդություններից որևէ մեկը, աշխատանքի արգելքը գործում է մինչև առողջացումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250