Դադարեք դռոնով մտնել կենդանու տարածք՝ գեղեցիկ կադրերի համար
Այսօր տեսա մի տեսանյութ, որտեղ դռոնով արջին շատ մոտ էին մոտեցել, և խեղճը վախեցած փախչում էր։
Երկար ժամանակ ուզում էի այս մասին գրել, բայց մտածում էի՝ մեկ-երկու անգամ կնկարեն ու կդադարեն։ Սակայն տեսնում եմ, որ սա անընդհատ կրկնվում է, և ավելին՝ նորեկներն ու սկսնակները հետևում են փորձառուներին ու կրկնում նույնը։
Դռոնակիր ընկերներ, արշավական ընկերներ, խնդրում եմ՝ դադարեք դռոնով ընկնել բնության մեջ կենդանիների հետևից։ Դադարեք դռոնով մտնել արագիլների, արջերի և այլ կենդանիների տարածքը՝ գեղեցիկ կադրերի համար։
Ես տարիներ առաջ մի անգամ ձիեր նկարեցի և հետո հասկացա, որ միայն իմ էգոյի համար նրանց սթրեսի ենթարկեցի։
Անկեղծ ասած, արդեն բոլորդ ունեք բավարար քանակի գեղեցիկ նկարահանումներ վայրի բնությունից։ Չկա անհրաժեշտություն անընդհատ նորից ու նորից նրանց անհանգստացնելու։
Խոսեք մասնագետների հետ․ նրանք կբացատրեն, թե որքան վտանգավոր կարող է լինել դռոնի ձայնը և ներկայությունը վայրի կենդանիների համար։ Շատ կենդանիներ դա ընկալում են որպես վտանգի ազդանշան, իսկ օրինակ՝ թռչունները վախից կարող են լքել իրենց ձվադրումները։ Եթե ուզում եք կենդանի նկարել, ապա միայն Բերտայի նման՝ հեռվից, տելեօբյեկտիվով, առանց նրանց անհանգստացնելու։
Ամենայն հարգանքով:
Նյութը՝ Վիգեն Սարգսյանի անձնական էջից: