Թրամփը սպառնում է Իրանին․ կոչնչացվի 10 միլիարդ դոլար արժողությամբ խոշոր էլեկտրակայանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է հարված հասցնել Իրանում գտնվող խոշոր էլեկտրակայանին, որի արժեքը, նրա խոսքով, կազմում է շուրջ 10 միլիարդ դոլար։ Նա նշել է, որ նման գործողությունը տեխնիկապես հնարավոր է իրականացնել արագ և առանց խոչընդոտների։
Թրամփը ընդգծել է, որ համապատասխան թիրախի դեպքում մեկ հարվածը բավարար կլինի կայանը ամբողջությամբ շարքից հանելու համար։ Միաժամանակ նա հավելել է, որ նման քայլը առայժմ չի իրականացվել, քանի որ կողմերը շարունակում են բանակցությունները։
Խոսելով հնարավոր էսկալացիայի կանխման մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ նախընտրելի է լուծում գտնել առանց նոր զոհերի և խոշոր ենթակառուցվածքների ոչնչացման։ Նա նաև չի հստակեցրել, թե կոնկրետ որ էլեկտրակայանի մասին է խոսքը։
Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը նոր հարված են հասցրել երկրի հարավարևմուտքում գտնվող Բուշերի ատոմակայանի հարակից տարածքին։ Կազմակերպության տվյալներով՝ կայանը չի վնասվել, իսկ անձնակազմի շրջանում տուժածներ չկան։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին իր հերթին կոչ է արել կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ միջուկային վթարի ռիսկը բացառելու համար։