Քաղաքականություն Կարևոր

Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ. «Հետք»

Mariam Z. 1,008 դիտում
Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ. «Հետք»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ՝ 2026 թվականի փետրվարի 5-ին, դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Հայցով նա պահանջում է, որ պաշտոնաթող նախագահը հրապարակային ներողություն խնդրի իրեն վիրավորելու համար և վճարի 1 մլն դրամ փոխհատուցում։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը:


Պահանջի բովանդակության մեջ նշվում է հետևյալ ձևակերպումը․ «29.01.2026թ.-ին իմ կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»։


2026 թվականի հունվարի 29-ին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց է ուղղել բանակում տիրող վիճակի վերաբերյալ՝ հիշեցնելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատականները, ըստ որոնց՝ սնունդն ու ջուրը նորմալ չէին մատակարարվում, սպաները նվաստացնում էին զինվորներին և այլ խնդիրներ կային։


Ռոբերտ Քոչարյանը զարմացել է, որ լրագրողը լուրջ է ընդունել Ալեն Սիմոնյանի հայտարարությունները՝ եզրակացություններ անելու համար՝ նշելով, որ նա «ինչ ասես դուրս է տալիս»։ Քոչարյանի խոսքով՝ իր նախագահության տարիներին բանակն այն վիճակում է եղել, որ Ադրբեջանը չի համարձակվել հարձակվել։


«Եթե պիտի բանակի մարտունակությունը գնահատի Ալեն Սիմոնյանը, էդ ու՜ր ենք հասել: Ի՞նչ է հասկանում այդ մարդը բանակից: Կասկածում եմ՝ նույնիսկ նորմալ ծառայել է: Որովհետև այդպիսի լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայել»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է Ռոբերտ Քոչարյանը։


Ալեն Սիմոնյանը, հավանաբար, այս արտահայտություններն է համարում վիրավորական։


ԱԺ նախագահը պահանջում է, որ ներողության տեքստը հրապարակվի Ռոբերտ Քոչարյանի «Ֆեյսբուք» սոցիալական էջում՝ բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով, կամ անհնարինության դեպքում՝ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում։


Բացի այդ, Ալեն Սիմոնյանը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից իր օգտին բռնագանձել դատական ծախսերը՝ ընդհանուր 530 հազար դրամի չափով, որից 480 հազար դրամը փաստաբանի վարձատրության գումարն է, իսկ 50 հազար դրամը՝ պետական տուրքը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250