Հյուսիսային Կորեայի առաջնորդը դստեր հետ տանկով շրջել է
Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իր դստեր հետ ուսումնական բազա այցելության ժամանակ շրջել է նորագույն տանկով։
Գործակալության հրապարակած լուսանկարներում երևում է, որ Կիմ Չեն Ընը զինվորականների հետ գտնվում է տանկի զրահի վրա։ Նա նստած է մեքենայի իրանի վրա, իսկ նրա դուստրը գտնվում է տանկի ներսում։ Մեքենայի վրա տեղադրված է ԿԺԴՀ պետական դրոշը։
Նշվում է, որ Կիմ Չեն Ընն այցելել է Կորեայի ժողովրդական բանակի մայրաքաղաքային պաշտպանության կորպուսի 60-րդ ուսումնական բազա, որտեղ հետևել է հետևակային և տանկային ստորաբաժանումների համատեղ հարձակման մարտավարական զորավարժություններին։
Հաղորդվում է, որ զորավարժություններին մասնակցել են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, գլխավոր շտաբի օպերատիվ պահուստային խմբավորման զրահատանկային ստորաբաժանումներ, ինչպես նաև հեծելազորային գնդի տանկային վաշտը։
Գործակալության տվյալներով՝ զորավարժությունների ընթացքում հարվածային անօդաչուները հարվածներ են հասցրել պայմանական հակառակորդի հրամանատարական կետերին և հակատանկային կրակային դիրքերին՝ հիմնվելով իրական ժամանակում ստացված հետախուզական տվյալների վրա։
Զրահատանկային ստորաբաժանումների հակատանկային հրթիռները խոցել են թիրախները, իսկ դարանակալ դիրքերից գործող ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի անօդաչուներն ու զինված ուղղաթիռները։