ԱՄՆ-ն Իրանին է ներկայացրել 15 կետից բաղկացած առաջարկ
ԱՄՆ ներկայացուցիչներն ու միջնորդները քննարկում են մարտի 26-ին Իրանի հետ բարձր մակարդակի բանակցությունների անցկացումը։ Axios-ի հաղորդմամբ՝ հանդիպման հաստատման դեպքում դրան կարող է մասնակցել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Աղբյուրների տվյալներով՝ Վաշինգտոնը Թեհրանին փոխանցել է 15 կետից բաղկացած առաջարկ՝ հնարավոր համաձայնագրի շրջանակում։ Այն ներառում է նաև նախկինում Ժնևում ներկայացված որոշ պահանջներ։ Նշվում է, որ առաջարկը վերաբերում է բարձր հարստացված ուրանի պաշարներից հրաժարվելուն, ՄԱԿ-ի վերահսկողության ուժեղացմանը, բալիստիկ հրթիռների հեռահարության սահմանափակմանը և դաշնակից ուժերին աջակցությունը նվազեցնելուն։
Իսրայելական աղբյուրները նշում են, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտահոգված է հնարավոր համաձայնագրով, քանի որ այն կարող է չհամապատասխանել Իսրայելի նպատակներին։ Միաժամանակ, ամերիկյան վարչակազմում ընդունում են, որ Իրանի հետ հաղորդակցության ուղիները մնում են անկայուն, իսկ որոշումների ընդունման գործընթացը Թեհրանում բարդ է։
Վաշինգտոնը սպասում է Իրանի պատասխանին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ միջնորդները առաջարկել են ժամանակավոր հրադադար՝ մանրամասն բանակցություններ անցկացնելու համար, սակայն Սպիտակ տունը մերժել է այդ տարբերակը։