Հասարակություն

Քանի վարորդ է այս տարի զրկվել վկայականից

Julya
Քանի վարորդ է այս տարի զրկվել վկայականից

2023 թ. դեկտեմբերի 7–ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է 2 171 վարորդական իրավունքի վկայական, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 100 անձ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։


Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ոստիկանությունից նշել են, որ տվյալները տրամադրել են` հաշվի առնելով ճանապարհային ոստիկանության վարչական իրավախախտումների հաշվառման համակարգչային շտեմարանի տվյալները՝ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերը։


Ըստ այդմ`վարորդների միավորների սպառման հետևանքով 2020 թ. ընթացքում կասեցվել է 2175 վարորդական իրավունքի վկայական, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 7 անձ:


2021 թ. ընթացքում կասեցվել է կրկնակի շատ վարորդական իրավունքի վկայական` 4809, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 114 անձ:


2022 թ. ընթացքում վարորդական իրավունքի վկայականի կասեցման դեպքերը մի փոքր նվազել են` կազմելով 2522, իսկ կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 145 անձ:


Հիշեցնենք, որ բալային համակարգը գործում է 2020 թ. հունվարի 1–ից։ ՀՀ–ում յուրաքանչյուր վարորդի տրվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 9 տուգանային միավորի սահմանաչափ:


Մոտ 100 հնարավոր խախտումներից տուգանային միավորները հանվում են 25 ամենալուրջ խախտումների համար: Եթե տարվա ընթացքում վարորդը սպառեց բոլոր 9 միավորները, ապա նրան կես տարով զրկում են մեքենա վարելու իրավունքից: Դրանից հետո նա կստանա նոր 9 միավոր: Եթե մինչև տարեվերջ նա այս բալերը ևս սպառի, նրան արդեն մեկ տարով են զրկում իրավունքներից, իսկ մեքենա վարելու իրավունքը վերականգնել կթույլատրվի միայն քննություն հանձնելուց հետո։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250