175 միլիոն 360 հազար դրամ` պատմական բացառիկ նմուշի համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրության բացմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Պատմական արժեք ներկայացնող այս բացառիկ նմուշը ձեռք է բերվել Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից՝ Կառավարության որոշմամբ, ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման պետական ծրագրի շրջանակում։ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման համար Մշակույթի զարգացման հիմնադրամին պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ։
Ցուցադրությունն ապրիլի 3–ից հասանելի կլինի այցելուներին Հայաստանի պատմության թանգարանում։