Հորդոր Իրանին՝ հարձակումները պետք է դադարեցվեն. Կայա Կալլասը
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը և Չինաստանի արտգործնախարար Վան Ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա ազդեցությունը համաշխարհային էներգետիկ անվտանգության վրա։
Կալլասը հայտնել է, որ Իրանի կողմից քաղաքացիական նավերի վրա հարձակումները և դրանց կրկնության վտանգը հանգեցրել են Հորմուզի նեղուցում նավագնացության գրեթե լիակատար դադարեցման։ Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիր է նեղուցում անվտանգ և ազատ նավագնացության վերականգնումը՝ միջազգային ծովային իրավունքի պահանջներին համապատասխան։
Նա նշել է, որ Եվրամիությունը աջակցում է բոլոր դիվանագիտական նախաձեռնություններին, որոնք ուղղված են լարվածության նվազեցմանը և իրավիճակի կայունացմանը։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ պետք է դադարեցվեն հարձակումները քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դեմ։
Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են նաև Եվրամիություն–Չինաստան երկկողմ հարաբերություններին՝ քննարկելով համագործակցության ընթացիկ հարցերը։