Թեհրանում գնդակոծության հետևանքով վիրավորվել է նախկին ԱԳ նախարարը. նրա կինը զոհվել է
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Թեհրանում տեղի ունեցած գնդակոծության հետևանքով վիրավորվել է երկրի նախկին արտաքին գործերի նախարար Քամալ Խարազին։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մայրաքաղաքում իրականացված հարձակման ընթացքում։
Խարազին համարվում է Իրանի հայտնի դիվանագետներից և քաղաքական գործիչներից մեկը։ Նա ներկայումս ղեկավարում է Միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհուրդը, որը զբաղվում է արտաքին քաղաքականության հարցերով և խորհրդատվություն է տրամադրում երկրի բարձրագույն ղեկավարությանը։
Նա զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը 1997-ից մինչև 2005 թվականը՝ նախագահ Մոհամմադ Խաթամիի կառավարման շրջանում։ Մինչ այդ, 1989–1997 թվականներին, Խարազին Իրանը ներկայացրել է ՄԱԿ-ում որպես մշտական ներկայացուցիչ։
Միաժամանակ հաղորդվում է, որ նրա կինը զոհվել է նույն միջադեպի ընթացքում, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։