Քաղաքականություն

Քոչարյանը հանձնարարեց Մանվել Գրիգորյանին ասել, որ իրերը հավաքի ու ․... Մովսես Հակոբյանի ցուցմունքը

Gohar Vardanyan 1,127 դիտում
Քոչարյանը հանձնարարեց Մանվել Գրիգորյանին ասել, որ իրերը հավաքի ու ․... Մովսես Հակոբյանի ցուցմունքը
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով այսօրվա դատական նիստում պաշտպան Հայկ Ալումյանը շարունակեց «Մարտի 1»-ի գործով մի քանի առանցքային վկաների ցուցմուքներից հատվածներ մեջբերել: Ալումյանը մասնավորապես հրապարակեց 2008-ին ՀՀ պաշտանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Ալիկ Միրզաբեկյանի եւ այժմ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանի ցուցմունքներից հատվածները: Ալիկ Միրզաբեկյանը նույնպես ներկա է եղել 2008թ. փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը։ Ըստ Միրզաբեկյանի ցուցմունքի՝ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցության ընթացքում Միքայել Հարությունյանին հարցրել է, թե որտե՞ղ է Մանվել Գրիգորյանը, ինչին ի պատասխան Հարությունյանն ասել է, որ տեղյակ չէ, ինչի համար նրան Քոչարյանը կշտամբել է իրավիճակին չտիրապետելու համար: «Այնուհետեւ հիշում եմ, որ խորհրդակցության ժամանակ նախագահը մտահոգություն էր հայտնում առ այն, որ ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ ցանկանում է անցնել ընդդիմության կողմը, եւ խնդիր դրեց, որ եթե որեւէ մեկը ցանկանում է մնալ ԵԿՄ կազմում, ապա պետք է թողնի պաշտոնը, քանի որ այդ ժամանակ ներկա գտնվողներից շատերն էին ԵԿՄ անդամ: Այլ բան այդ խորհրդակցությունից չեմ հիշում: Դրանից հետո հիշում եմ, որ հաջորդող օրերին զորքեր էին բերում Երեւան: Մարտիմեկյան իրադարձությունների մասին լսել եմ լուրերից, հեռուստացույցից: Հիշում եմ, որ ես 0038 հրամանին, որը շահարկվում է այժմ մամուլում, ես չեմ ծանոթացել, չեմ կարող հայտնել, թե ինչու, ինչպես նաեւ հիշում եմ, որ մարտի 1-ին նախագահ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այլ տեղեկություններ ինձ հայտնի չեն, քանի որ ես որեւէ հարցում ներգրավված չեմ եղել, եւ իմ ենթակա ստորաբաժանումները որեւէ գործողության չեն խառնվել»,- ասել է Միրզաբեկյանը: Այնուհետև Հայկ Ալումյանը հրապարկեց գործով, որպես վկա հարցաքննված Մովսես Հակոբյանի ցուցմունքից հատվածներ: «Փետրվարի 23-ին ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ նախագահի նստավայրում մասնակցել ենք խորհրդակցության: Այն անց է կացրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկա են եղել ՀՀ Զինված ուժերի օպերատիվ ղեկավարությունը՝ նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ՝ Մանվել Գրիգորյանի եւ Գագիկ Մելքոնյանի հավանական մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա եւ նրան ասել, թե այդ ինչ նախարար է, որ իր տեղակալների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունի: Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Երանոսյանին հանձնարարեց, որ գնա ու Մանվել Գրիգորյանին ասի, որ իրերը հավաքի ու ... լինի իր տուն: Ես այդքանն եմ հիշում այդ խորհրդակցությունից»,- նշված է Հակոբյանի ցուցմունքում։ Ընդհանուր խորհրդակցության իմաստն ըստ Մովսես Հակոբյանի պատկերացման՝ այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր, որ զինված ուժերի ողջ անձնակազմն անմիջապես իրենից լսեն, թե ինչպես է պատժելու այն զինվորականներին, որոնք կփորձեն ներքաշվել քաղաքական պրոցեսներին: Ալումյանը, մեջբերելով երկու բարձրաստիճան զինվորականների ցուցմունքները, ասաց, որ այն դատարանները, որոնք քննում էին Քոչարյանի կալանքի հարցը, չգիտեին այս ցուցմունքների գոյության մասին։ Նշենք, որ Ալիկ Միրզաբեկյանը 2016թ. ապրիլի 26–ին ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250