Հասարակություն

Չեմ կարծում, որ ընտրողները 5.5 ամսում կտրուկ փոխվել են․ «Առավոտ»

Unknown 109 դիտում
Չեմ կարծում, որ ընտրողները 5.5 ամսում կտրուկ փոխվել են․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի խմբագրականում  ասվում է․ «Հայաստանի ընդդիմության շրջանակներում ես որոշակի ոգեւորություն եմ նկատում՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված: Քվեարկության արդյունքներից եզրակացություն է արվում, որ իշխանության վարկանիշն ընկել է, քանի որ այն համայնքներում, որտեղ անցած խորհրդարանական ընտրություններում իշխանությունը հաղթել է, այժմ ՔՊ-ն պարտվել է: Վարկանիշի մասին ոչինչ չեմ կարող ասել՝ եթե անգամ սոցիոլոգիական հարցումներ անցկացվեն, մենք, միեւնույն է, դրանց չենք հավատա: Բայց, մեկը մյուսից բխեցնելն, ինձ թվում է, սխալ է: Հնարավոր չէ վերցնել համայնքային ընտրությունների արդյունքները եւ ասել՝ «ահա այդպես են մարդիկ քվեարկելու համապետական ընտրություններին»: Այստեղ գործում են տարբեր օրինաչափություններ: Եկեք մտովի պատկերացնենք իշխող ուժին հունիսի 20-ին ձայն տված տիպիկ ընտրողի դիմանկարը: Ենթադրենք, դա մի 50-60 տարեկան կին է, որն ասում է՝ «Եթե թուրքը գա, մտնի մեր տուն, իմ թոռներին մորթի, մեկ ա՝ ես Փաշինյանին եմ ուզում»: Հետեւաբար, այդպիսի ընտրողի համար կարեւոր է «Փաշինյան-ոչ Փաշինյան» երկընտրանքը: Բայց նրան գուցե եւ ոչ մի բան չասի «ՔՊ» հապավումը, նրան կարող է եւ անծանոթ լինել իր համայնքի ղեկավարի ՔՊ-ական թեկնածուն, բայց մեծ հավանականության կա, որ նա քվեարկելու է «Պողոս Պետրոսյան» կամ «Պետրոս Պողոսյան» դաշինքին, քանի որ այդ Պողոսին կամ Պետրոսին անձամբ ճանաչում է կամ հավանում է նրա աշխատանքը: Դա ամենեւին չի նշանակում, որ համապետական ընտրություններում այդ ընտրողն իր ձայնը չի տա Փաշինյանի ղեկավարած ցուցակին: Որքան էլ ՏԻՄ ընտրություններում ձեւական առումով մարդիկ քվեարկեն կուսակցական ցուցակների օգտին, գործընթացն իր բովանդակությամբ կուսակցական չէ: 

 

Որպես օրինակ բերեմ Նաիրի համայնքը, որտեղ ես եմ ապրում: Այստեղ, նախնական տվյալներով, ձայների առավելագույն՝ 44,94 տոկոսը ստացավ «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունը: Ենթադրում եմ, որ Եղվարդի եւ շրջակա գյուղերի բնակիչներից քչերն են պատկերացնում, թե ինչ է սոցիալ-դեմոկրատիան, ովքեր են հնչակները, այն էլ՝ «վերակազմյալ»: Նրանք քվեարկել են Եղվարդ համայնքի գործող ղեկավարի օգտին, որն իսկապես վատ չի աշխատում, եւ, ի դեպ, 2017 թվականին իրականացված խոշորացումը որոշակի դրական տեղաշարժեր արձանագրեց: Հատկանշական է, իհարկե, որ Նորայր Սարգսյանը գերադասեց գործ չունենալ ո՛չ իշխանական, ո՛չ էլ հայտնի ընդդիմադիր որեւէ կուսակցության հետ: Բայց դարձյալ. այդ ընտրությունների արդյունքներից ամենեւին չի բխում, որ Նաիրի համայնքում խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնությունը կրկին չի ընտրի Փաշինյանին: Չեմ կարծում, որ ընտրողները 5.5 ամսում կտրուկ փոխվել են: Իսկ թե ինչու է ներկայիս իշխանությանն ընտրողը մտածում, որ ավելի լավ է՝ թուրքը մորթի իր թոռներին, բայց Փաշինյանը մնա, դա առանձին վերլուծության առարկա է: Այդ վերլուծությունը պետք է անել սառնասիրտ՝ առանց ընտրողին վիրավորելու: Որքան էլ որ դա անհնարին թվա»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250