Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մեկուսացված է․ նրա գտնվելու վայրը հայտնի չէ
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ըստ The Washington Post-ի հրապարակման, վիրավորվել է, գտնվում է մեկուսացման մեջ և չի պատասխանում իրեն հասցեագրված հաղորդագրություններին։ Տեղեկությունը, ինչպես նշվում է հրապարակման մեջ, փոխանցվել է ԱՄՆ-ի և Իսրայելի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների հղումով։
Պարբերականը նշում է՝ Խամենեիի վիճակի և գտնվելու վայրի շուրջ անորոշությունը պահպանվում է այն պահից, երբ նա հռչակվել է նոր գերագույն առաջնորդ՝ հոր սպանությունից հետո։ Այդ ժամանակվանից նա հանրության առաջ չի հայտնվել, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացրել երկրի ներսում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Իսրայելական պաշտոնյաների գնահատմամբ՝ Իրանում վերահսկողությունն ուժեղացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և մի շարք կրոնական գործիչներ։ Միաժամանակ, ըստ նույն աղբյուրների, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, «Մոսադը» և այլ հետախուզական կառույցներ փորձում են ճշտել Խամենեիի գտնվելու վայրը։
Նշված տեղեկությունները ներկայացվում են արտասահմանյան հատուկ ծառայությունների և լրատվամիջոցի աղբյուրների հղումով։ Իրանական պաշտոնական կառույցների հրապարակային հաստատումը տվյալ հաղորդման վերաբերյալ ներկայացված չէ։